Լոռու մարզպետի շնորհակալագրերով պարգևատրվեցին վաստակաշատ երկաթուղայինները

Լոռու մարզպետի շնորհակալագրերով պարգևատրվեցին  վաստակաշատ երկաթուղայինները
Յուրաքանչյուր տարի օգոստոս ամսվա առաջին շաբաթ օրը Հայաստանի Հանրապետությունում նշվում է՝ որպես Երկաթուղայինների մասնագիտական օր, և Լոռու մարզպետի աշխատակազմը՝ մարզի ղեկավարի գլխավորությամբ, ավանդույթի համաձայն, իր երախտիքի ու գնահատանիք խոսքն է հղում երկաթուղայինի պատվաբեր կոչումը կրող աշխատակիցներին:
Այս տարին ևս բացառություն չէր: Մասնագիտական օրվան ընդառաջ՝ այսօր, Լոռու մարզպետ Արամ Խարչատրյանը հյուրընկալել էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Վանաձոր» գծակայարանային միավորման մի խումբ աշխատակիցների: Մարզի ղեկավարը շնորհավորեց նրանց մասնագիտական օրվա կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, հաջողություն, լավատեսություն և մասնագիտական նոր նվաճումներ:
- Երկաթուղային տրանսպորտը միշտ էլ հատուկ տեղ է զբաղեցրել Հայաստանի, մասնավորապես՝ Լոռու մարզի կյանքում: Մեր մարզում է գտնվում երկաթուղային տրանսպորտի ամենաբարդ ինժեներական կառույցը: Մարզն ունի 12 երկաթուղային կայան, որոնց անխափան գործունեությունն ապահովվում է հենց ձեր՝ գիշերուզօր, անշահախնդիր, տքնաջան աշխատանքի շնորհիվ,-ասաց նա:
Ա. Խաչատրյանը «Երկաթուղայինների օրվա» կապակցությամբ, բարեխիղճ և հոգատար աշխատանքի համար շնորհակալագրերով պարգևատրեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Վանաձոր» գծակայարանային միավորման պետի տեղակալ Սիմոն Մուրադյանին, կապի և ազդանշանների էլեկտրոմեխանիկ Վահե Հարությունյանին, ջերմոքարշի մեքենավար Միքայել Դալլաքյանին, կապի և ազդանշանների էլեկտրոմեխանկ Արտակ Ղազարյանին, ուղեմասի գլխավոր ինժեներ Ռոման Մխիթարյանին:
Վերջիններս իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին մարզպետին մշտական ուշադրության և հոգածության համար: