Կայացել է որսի կենդանիների վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված հրամանի նախագծի քննարկումը

Կայացել է որսի կենդանիների վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված հրամանի նախագծի քննարկումը
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի գլխավորությամբ օգոստոսի 2-ին տեղի է ունեցել «2023-2024 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին» հրամանի նախագծի քննարկում: 
Ըստ Շրջակա միջավայրի նախարարության մամուլի հաղորդագրության՝ հանդիպմանը մասնակցել են նախարարության մասնագիտական ստորաբաժանումների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և որսորդությամբ զբաղվող կազմակերպությունների, միավորումների ու խմբերի ղեկավարներ և ներկայացուցիչներ։
Ողջունելով քննարկման մասնակիցներին, նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել գործընթացին պատասխանատու մոտեցման համար և հիշեցրել, որ նախագծի ընդունման նպատակը կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացի կանոնակարգումը և կենդանական պաշարների կայուն կառավարումն է։
Նախարարության Կենսառեսուրսների կառավարման վաչության պետ Սևակ Բալոյանը և ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատող Անդրանիկ Գյոնջյանը ներկայացրել են հրամանի նախագծի վերաբերյալ մանրամասներ, խոսել թույլատրելի չափաքանակներից ու ժամկետներից։
Որսորդությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից առաջարկ է հնչել կենդանական աշխարհի մոնիթորինգի և հաշվառման փուլում առավել ակտիվ ներգրավվածություն ունենալու։
Հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ։