«Վերջին 2-3 տարում ՓՄՁ-ների վիճակը վատթարացնող նորմեր են ընդունվում». «Փաստ»

«Վերջին 2-3 տարում ՓՄՁ-ների վիճակը վատթարացնող նորմեր են ընդունվում». «Փաստ»

Հուլիսի 1-ից միկրոբիզնեսը զրկվեց հարկային արտոնություններից, որոնք սահմանվել էին 2019-ին։ Օրենսդրական փոփոխության մի մասն ուժի մեջ էր մտել 2023-ի հունվարին։ ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի համահիմնադիր Հակոբ Ավագյանի հետ զրույցում անդրադարձել ենք վերոնշյալ փոփոխության հնարավոր ազդեցություններին։

«Որպես նախապատմություն՝ կարևոր է նշել, որ գերփոքր բիզնեսի համար հատուկ հարկման ռեժիմ ներդրված էր դեռ 2014-ից, այդ ժամանակ այն կոչվում էր ընտանեկան ձեռնարկատիրության հարկման ռեժիմ, որը հարկերից ազատելու ռեժիմ էր ենթադրում։ Եթե ընտանիքի անդամ հանդիսացող անձնակազմով գործունեություն էր իրականացվում թե՛ արտադրության, թե՛ ծառայության ուղղություններում, պետությունն ազատում էր հարկերից՝ նշանակելով որոշակի շրջանառության շեմ։ Ինչպես շատ զարգացող ու զարգացած երկրներում, մեզ մոտ ևս սա իրականացվեց, որ սկսնակ բիզնեսի մուտքը գործարար աշխարհ հնարավորինս քիչ խոչընդոտներով ու քիչ վարչարարությամբ լիներ։ Արդեն 2019-ից ընտանեկան ձեռնարկատիրության հարկման ռեժիմն ու մի խումբ ձեռնարկատերերի համար սահմանված հարկման ռեժիմները կոնսոլիդացվեցին, ու ձևավորվեց միկրոձեռնարկատիրության հարկման ռեժիմը։ Մի խումբ ձեռնարկատերերի թվում ինքնազբաղվածներն էին, բակային ատելիեները, կոշիկի վերանորոգման կետերը, ինքնուսույցները և այլն։ Վերջին խմբերում աշխատող բիզնեսները վարձու աշխատող չպետք է ունենային, ու իրենց տարեկան շրջանառությունը չպետք է գերազանցեր 9 միլիոնը։ Ավելացավ նաև մարզային խանութների առևտուրը՝ մինչև 24 միլիոն դրամ շրջանառությամբ»,-շեշտեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ նշված խմբերի նկատմամբ վարչարարություն կիրառելը պետության համար շատ թանկ էր և անիմաստ։

«Արդեն անցած տարեվերջին հարկային օրենսդրությունում երկու մեծ վատթարացնող փոփոխություն կատարվեց միկրոձեռնարկատիրության հարկման ռեժիմում, որոնց մի մասն ուժի մեջ մտավ 2023-ի հունվարի 1-ից, մի մասը՝ հուլիսի 1-ից։ Ֆորմալ առումով թվում է, թե այդ փոփոխություններով հարկման հատուկ ռեժիմի վերացմանը չեն գնում։ Մինչդեռ այդ փոփոխությունները բերում են նրան, որ միկրոձեռնարկատիրության հարկման այդ ռեժիմում աշխատելը որոշակի բիզնես ոլորտների համար անիմաստ է դառնում։ Օրինակ՝ մինչև հունվարի 1-ը զբոսավարը տուրօպերատորին ծառայություն էր մատուցում, ներկայացնում էր հաշիվ-ապրանքագիր։ Հունվարի 1-ից այս փոփոխություններով միկրոձեռնարկատիրության ռեժիմում գործող զբոսավարին ասացին՝ «կա՛մ գնացեք ձեր հարկման ռեժիմը փոխեք, կա՛մ այլևս ձեզ հետ չենք աշխատի», քանի որ վերջիններիս կողմից ներկայացված հաշիվներն այլևս ծախս չէին համարվում դիմացի կողմի համար։ Մենք խոսել ենք հյուրատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ։ Մեզ հայտնեցին, որ հյուրատների մեծ մասն օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո անցան շրջանառության հարկման ռեժիմի, իսկ որոշները կգնան ստվեր»,-նշեց Հակոբ Ավագյանը՝ շեշտելով, որ շրջանառության հարկման ռեժիմի դեպքում հարկը, բնականաբար, բարձրացել է։

«Երկրորդ մեծ փոփոխությունն ուժի մեջ մտավ հուլիսի 1-ից, ըստ որի, այլևս չի գործում այն արտոնությունը, երբ ընտանիքի անդամներով աշխատելու դեպքում ամեն անձի համար հարկի փոխարեն ընդամենը 5000 դրամ էր վճարվում։ Հիմա իրենց համար պետք է սահմանվի նվազագույն աշխատավարձ, նաև 20 տոկոս եկամտային հարկ պետք է վճարեն։ Ֆիննախի գործընկերներն ասում են՝ սա նոր վարչարարություն չի ենթադրում, սակայն շեշտեմ, որ խոսքն արդեն գործատու-աշխատող հարաբերության մասին է, և այս առումով, բացի 20 տոկոս հարկից, այլ ծախսեր էլ են առաջանում։ Խնդիրը միայն 20 տոկոս հարկի բարձրացումը չէ։ Նախկինում պետությունն ասում էր՝ եթե շրջանառությունը տարեկան 18 միլիոնը չի գերազանցում, ես ընտանեկան բիզնեսի դաշտ չեմ մտնում։ Նույնը 2019-ի փոփոխություններով վերաբերում էր նաև միկրոձեռնարկատիրությանը։ Ասվում էր՝ ձեր ներքին դաշտ չենք մտնում, տարեկան մինչև 24 մլն շրջանառությամբ աշխատեք, պետությանը չխաբեք ու ամեն անձի համար 5000 դրամ տվեք։ Վերջին փոփոխություններով, սակայն, կոնցեպտուալ առումով փոխվում է հարկման ռեժիմի այն սկզբունքը, որը դրված էր ի սկզբանե»։

Հակոբ Ավագյանի խոսքով, տնտեսվարողների ավելացման առումով վերջին շրջանում գրանցված ակտիվության մեջ մեծ մասնաբաժին է կազմում հենց միկրոձեռնարկատիրությունը։ «Մինչ վերջին փոփոխությունները, երբ կար վերոնշյալ սկզբունքը, այն մարդկանց օգնում էր ավելի հեշտ մտնել բիզնես դաշտ։ Մարդը ռիսկերից վախենում է, դրա համար պետությունները նման հատուկ ռեժիմների քաղաքականություններ են սահմանում։Մինչդեռ վերջին փոփոխությունները կհանգեցնեն մի իրավիճակի, երբ սկսնակ բիզնեսները ավելի երկար կմտածեն՝ գործունեություն ծավալե՞լ, թե՞ ոչ։ Փոփոխությունները կարող են խոչընդոտ դառնալ նրանց համար։ Իսկ այն բիզնեսների դեպքում, որոնք մինչ այդ փոփոխությունները սկսել էին կազմել առաջիկա 3, 4, 5 տարիներին աշխատելու բիզնես նախագիծ, արդեն ինքնարժեքի փոփոխություն է լինում։

Օրինակ՝ անցած տարի կենսահումուսի արտադրությամբ զբաղվող ընկերությունը գնառաջարկ էր տվել պոտենցիալ գնորդին՝ հաշվի առնելով, որ միկրոձեռնարկատիրության հարկման ռեժիմում է գործելու։ Երբ հունվարի 1-ին փոփոխությունը ուժի մեջ մտավ, նման մարդիկ խնդրի առաջ կանգնեցին։ Այն առաջարկը, որը տվել էին իրենց պոտենցիալ գնորդին, հիմա հարկերի ավելացման արդյունքում պետք է ամբողջովին փոխվի։ Ստացվում է՝ այդ գնառաջարկն այլևս մրցունակ չէ, իսկ ընկերությունը դուրս է գալիս այն շուկայից, որտեղ փորձում էր մրցել խոշորների հետ»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ, ընդհանուր առմամբ, խոսքը ամենախոցելի՝ գերփոքր բիզնեսի մասին է։ Հ. Ավագյանի խոսքով, հուլիսից ուժի մեջ մտած նման կտրուկ փոփոխությունները վատթարացնում են գերփոքր բիզնեսի վիճակը, բերում լրացուցիչ ծախսերի։

«Ցավոք այս վատթարացնող փոփոխությունները վերջին շրջանում միակը չեն։ Հուլիսից նույն գերփոքրերի համար ՀԴՄ կտրոններում քառանիշ կոդի պարտադիր տպման համակարգ պետք է լինի։ Մեր հաշվարկներով, բակային խանութներին նման համակարգ ներդնելու համար 600-700 հազար դրամ գումար է պետք։ Պատկերավոր ասած՝ եթե մինչ այս կտրոնում գրում էին խմելու ջուր ու գինը՝ ենթադրենք 1000 դրամ, հիմա պետք է գրեն՝ խմելու ջուր, 1000 դրամ, 0,5 լիտր, այլ նկարագրություն։ Ի դեպ, նշվածը չանելու համար այնպիսի տուգանք է նախատեսված, որը հավասարազոր է կտրոն չտրամադրելու տուգանքին։ Ընդհանուր առմամբ, գերփոքր բիզնեսի դեմ ուղղված վերջին շրջանի փոփոխությունների պատճառն այն է, որ հակառակ կողմում՝ էկոնոմիկայի նախարարությունում հավուր պատշաճի ՓՄՁ շահերի պաշտպանություն չի իրականացվում։

Մենք ունենք ՓՄՁ զարգացման ռազմավարություն, հարկային քաղաքականության փոփոխություններ, որոնք, սակայն, իրար հակասում են։ Անգամ ամենազարգացած երկրներում, որտեղ ՓՄՁ-ի մասնաբաժինը ՀՆԱ-ի մեջ մեծ տոկոս է կազմում, ՓՄՁ աջակցության գործիքները շարունակում են մնալ։ Մեզ մոտ վերջին շրջանում լրիվ հակառակն է։ Փակվեցին ՓՄՁ-ների պետական աջակցության մարզային գրասենյակները։ Կարելի է ասել՝ վերջին 2-3 տարում ՓՄՁ-ների առումով ավելի շատ վատթարացնող նորմեր են ընդունվում, քան հակառակը»։

Աղբյուրը՝ past.am