Զբոսաշրջության ոլորտը 30 տոկոս աճ է գրանցել լավագույն զբոսաշրջային տարի համարվող 2019-ի նկատմամբ. փոխնախարար

Զբոսաշրջության ոլորտը 30 տոկոս աճ է գրանցել լավագույն զբոսաշրջային տարի համարվող 2019-ի նկատմամբ. փոխնախարար

Հայաստան այցելող ներգնա զբոսաշրջիկների հոսքերն էականորեն փոխվել են, այս առումով տվյալ տարվա առաջին կիսամյակում Հայաստանում գրանցվել է 30 տոկոս աճ ոչ թե նախորդ տարվա նկատմամբ, այլ լավագույն զբոսաշրջային տարի համարվող 2019 թվականի նկատմամբ, իսկ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ գրանցվել է 68 տոկոս աճ: Այս մասին օգոստոսի 3-ին, կառավարությունում Զբոսաշրջության մասին օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ նշեց էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը:

Նա հիշեցրեց, որ ՀՀ զբոսաշրջության բնագավառը կարգավորում է 2003-ին ընդունված օրենքով, նախորդ երկու տասնամյակի ընթացքում ոլորտում էական փոփոխություններ են եղել, և զարգացմանը զուգընթաց առաջացել են նոր մարտահրավերներ:

Արձագանքելով թեմային՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց Հայաստանի՝ մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարությունը՝ ընդգծելով. «Մենք պլանավորում ենք Հայաստան այցելող զբոսաշրջիկների տարեկան թիվը հասցնել 15 միլիոնի: Դա կարող է թվալ անիրատեսական, բայց այս տարվա ընթացիկ թվերը ցույց են տալիս, որ եթե մենք կարողանանք այնպիսի ծառայություններ մատուցել, որ Հայաստանից վերադարձած զբոսաշրջիկը Հայաստան այցելելու խորհուրդ տա նաև ուրիշներին, դա շատ իրատեսական խնդիր է»: