Երեւանի շոկոլադի գործարանն ընդլայնվում է. կառավարությունը նրան արտոնություն տվեց

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 3-ի նիտում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԵՐԵՎԱՆԻ ՇՈԿՈԼԱԴԻ ԳՈՐԾԱՐԱՆ» փակ բաժնետիրական ընկերությանը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ԵՐԵՎԱՆԻ ՇՈԿՈԼԱԴԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ընկերության կողմից ներմուծվող սարքավորումները և հումքը նախատեսվում է օգտագործել «Mark Sevouni» և «Sonuar» բրենդերի շոկոլադե կոնֆետների, տեղական մրգերի բազայի վրա օրգանիկ չրերի, շոկոլադապատ չրերի ու մրգային հիմքով այլ կոնֆետների արտադրության համար, որոնք լայն ճանաչում են ստացել հայկական ու միջազգային շուկաներում։ Արտադրությունն իրականացվելու է Երևանում։
Ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին։ Երևանի շոկոլադի գործարանն իրտնտեսական գործունեության գերակա ուղղություն է համարում արտահանումը և իր տնտեսական քաղաքականությունն ուղղված է արտահանման ծավալների զգալի ավելացմանը՝ նոր շուկաների /նոր երկրներ/ ներգրավման ու եղած շուկաներում իրացման ծավալների մեծացման ուղղություններով։
Արդեն իսկ իրականացվել է 6․2 մլրդ դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման, հումք ու նյութերի, սարքավորումների ձեռքբերման համար։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 12․6 մլրդ դրամի ներդրում, որից 8․8 մլրդ դրամը հումք ու նյութերի ձեռքբերման, 3․4 մլրդ դրամը սարքավորումների ձեռքբերման, իսկ մնացած մասը շինարարական աշխատանքների իրականացման համար։
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 60 նոր աշխատատեղ՝ մինչև 204,000 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 6․7 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 459․3 մլն դրամ։
Աղբյուրը՝ news.am