Մարզպետ Կարեն Սարգսյանը աշխատանքային այց է կատարել Սևանի մի շարք դպրոցներ

Մարզպետ Կարեն Սարգսյանը աշխատանքային այց է կատարել Սևանի մի շարք դպրոցներ

Օգոստոսի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այց կատարեց Սևան համայնքի Լճաշեն, Վարսեր, Զովաբեր գյուղերի միջնակարգ, Սևան քաղաքի թիվ 2, 3, 4, 6 հիմնական դպրոցներ՝ տեղում գնահատելու նախօրոք բարձրացված ու գույքագրված հիմնախնդիրները, դպրոցների տնօրենների հետ քննարկելու դրանց լուծման արդյունավետ տարբերակները։

Մարզպետին ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության և քաղաքաշինության ոլորտների պատասխանատուներ։ Աշխատանքային այցը նախատեսված էր այն կրթական հաստատություններում, որոնք չունեն ջեռուցման կենտրոնացված համակարգ, արդի չափորոշիչներին համապատասխան մարզադահլիճներ, մազագույք, ուսուցման բավարարար կազմակերպման համար այլ պայմաններ։ 

Կարեն Սարգսյանը դիտարկեց  դասասենյակների, մարզադահլիճների, խաղադաշտերի, հանդիսությունների դահլիճների ընդհանուր վիճակը, զրուցեց դպրոցների տնօրենների և մանկավարժների հետ, հիմնահարցերի կարգավորման նպատակով տվեց համապատասխան հանձնարարականներ։  Աշխատանքային այցի ավարտին մարզպետը կիսվեց իր տպավորություններով։ 

«Իմ հանձնարարությամբ մարզպետի աշխատակազմի կրթության և քաղաքաղշինության պատասխանատուներից բաղկացած աշխատանքային խումբը գույքագրում էր անցկացրել մարզի այն դպրոցներում, որոնք մինչ այժմ ջեռուցվում են վառարաններով, չունեն արդի չափորոշիչներին համապատասխան մարզադահլիճներ, մարզագույք, հանդիսությունների սրահներ, խաղադաշտեր։  Գույքագրման արդյունքում վեր են հանվել բոլոր հիմնախնդիրները, որոնց պետք է լուծում տանք հնարավորինս սեղմ ժամկետներում, թե պետական, թե մեր կողմից տնտեսված միջոցներով։ Այսօրվա այցի նպատակն էր՝ տեղում դիտարկել ու գնահատել իրավիճակը և կայացնել իրատեսական ու արդյունավետ որոշումներ։ 

Այցին հաջորդելու են նախագծերի պատվիրման ու ձեռքբերման աշխատանքները, որից հետո կսկսվեն շինարարական աշխատանքները։ Կանենք հնարավորը, որ առաջիկա ձմռանը այդ դպրոցներն անցնեն կենտրոնացված ջեռուցման, իսկ մարզադահլիճների հիմնանորոգման, մարզագույքի ձեռքբերման, մյուս հիմնախնդիրների կարգավորման հետ կապված հարցերը կարգավորվեն հնարավորինս սեղմ ժամկետներում։  Մեր ուշադրության կենտրոնում  է նաև Լճաշենի միջնակարգ դպրոցի տարրական դասարանների շենքի տանիքի հիմնանորոգման խնդիրը»,-ներկայացրեց Կարեն Սարգսյանը։