Ճամբարակ համայնքի Շողակաթ գյուղում ոռոգելի կդառնա 315 հեկտար տարածք

Ճամբարակ համայնքի Շողակաթ գյուղում ոռոգելի կդառնա 315 հեկտար տարածք

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրում ավարտին է մոտենում Խելացի ոռոգման համակարգի կառուցման ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ կառավարության, Ճամբարակի համայնքապետարանի, «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ»-ի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից տրամադրված միջոցներով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի խորհրդական Սուլիկո Շուշանյանը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 171 միլիոն դրամ, որից 80 միլիոն դրամը հատկացրել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը,  4.9 միլիոն դրամը տրամադրել է «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ»-ը, 58 միլիոն դրամը՝ ՀՀ կառավարությունը եւ 27 միլիոն դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանը:

Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվելու է 30 հազար խորանարդ մետր տարողությամբ ջրավազան, 15 կիլովատտ/ժամ հզորությամբ արեւային կայան, 45 լիտր վայրկյան հզորությամբ խորքային հոր եւ 4142 գծամետր ոռոգման համակարգ։ Արդյունքում՝ կոռոգվի համայնքի 315 հեկտար հողատարածք:

«Խելացի ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի նոյեմբերից։ 2023 թվականի օգոստոսի 3-ի դրությամբ, հիմնովի ավարտված են արեւային կայանի, խորքային հորի, ջրավազանի, ոռոգման արտաքին ու ներքին ցանցերի կառուցման աշխատանքները։ Մնում է տեղադրել միայն Խելացի էլեկտրոնային կառավարման համակարգը, որից հետո ոռոգման ողջ համակարգը կհանձնվի շահագործման, որը նախատեսված է այս տարվա սեպտեմբերի վերջերին։ Այլ խոսքով, եկող տարվա ոռոգման շրջանի սկզբից մեր համայնքում ոռոգելի հողատեսքերը կավելանան 315 հեկտարով։ Նախատեսում ենք այդ հողատեսքերում մշակել հիմնականում բարձրարժեք մշակաբույսեր, ստեղծել ինտենսիվ այգիներ»,- ներկայացրեց Սուլիկո Շուշանյանը։

Վերջերս Շողակաթ գյուղ աշխատանքային այց կատարելիս Խելացի ոռոգման համակարգի կառուցման ծրագրի աշխատանքների ընթացքին ծանոթացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։