Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերի հետ այցելել են «Սևան» ազգային պարկ

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերի հետ այցելել են «Սևան» ազգային պարկ
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան պարոն Վիկտոր Ռիխտերի հետ աշխատանքային այցով եղել են «Սևան» ազգային պարկում` «SEVAMOD2. Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում. Հայաստան» ծրագրի ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու և լճից ջրի նմուշառման գործընթացին մասնակցելու նպատակով: 
Ըստ Շրջակա միջավայրի նախարարության մամուլի հաղորդագրության՝ նախարարը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը և դեսպան Ռիխտերին` շրջակա միջավայրի խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և շարունակական աջակցության համար: Նախարարը կարևոր է համարել նաև այն փաստը, որ այցը համընկել է Սևանա լճի կանաչման շրջանի հետ. կապտականաչ ջրիմուռների ակտիվացման շրջանը մոտենում է ավարտին: Նախարարը դեսպանին է ներկայացրել խնդիրը և դրա առաջացման պատճառները:
 
 
Այցը մեկնարկել է Սևանա լճում նավով շրջայցով, որի ընթացքում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը, ՊՈԱԿ-ի Հիդրոլոգիայի ծառայության պետ Ամալյա Միսակյանը, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանը և կենտրոնի Կիրառական հիդրոէկոլոգիայի լաբորատորիայի վարիչ Գոռ Գևորգյանը զեկույցներ են ներկայացրել ծրագրի ընթացքի վերաբերյալ:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ համագործակցության շրջանակներում իրականացվել է SEVAMOD2 հայ-գերմանական գիտահետազոտական ծրագիրը, որը ֆինանսավորվել է Գերմանիայի Կրթության և գիտության դաշնային նախարարության կողմից (Funding ID 01DK20038), և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը՝ ի դեմս «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ -ի 60 % համաֆինանսավորվել է քիմիական անալիզների համար անհրաժեշտ գումարը:
Ծրագիրն ունեցել է երեք տարի տևողություն` 2020-23 թթ.
Ծրագրի բոլոր նպատակներն իրականացվել են, այն հնարավորություն է տվել մոդելավորման միջոցով գնահատել Սևան լճի հիդրոդինամիկ պայմանները, սնուցիչների տեղաշարժման առանձնահատկությունները։ Բացի նախատեսված 1D մոդելից իրականացվել է նաև լճի 2D մոդելավորում (CE-QUAL-W2 լճային երկչափ մոդելի հիման վրա)՝ հիդրոդինամիկ և էկոլոգիական բաղադրիչներով։
Գնահատվել է կլիմայի փոփոխության պայմաններում Սևանա լճի հիդրոդինամիկ պայմանների փոփոխությունները և դրա ազդեցությամբ լճում ընթացող պրոցեսների փոփոխությունները։
Ծրագրի կարևոր բաղադրիչն էր նաև հեռահար զոնդավորման կիրառման հնարավորությունները, գնահատումը և վերլուծությունները։
Ծրագրի իրականացմամբ հնարավոր դարձավ Սևանա լճում սկսել կանոնավոր գիտահետազոտական և մոնիթորինգային աշխատանքներ:
Զեկույցներից հետո «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները լճից ջրի նմուշսռում են իրականացրել` պարզելու ջրի թափանցիկության աստիճանը և դրանում թթվածնի պարունակությունը:
Այցը շարունակվել է «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի Հիդրոլոգիայի ծառայության Սևանի հիդրոօդերևութաբանական դիտարան (Սևան ՀՕԴ) այցով, որի ընթացքում նախարարին և դեսպանին ուղեկցել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:
Այցի ընթացքում քննարկվել են ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթությունները, կլիմայի, կենսաբազմազանության, շրջակա միջավայրի մոնիթորինգի և այլ հարցերի լայն շրջանակ: Դեսպանն հետաքրքվել է իրականացվող ծրագրերով և միջոցառումներով:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նման հանդիպումները և դաշտային այցերը հաճախակի դարձնել: