«Կանայք բիզնեսում ֆորում»-ը՝ երկխոսության լավագույն հարթակ. Արմավիրը հյուրընկալել է կին ձեռներեցների

«Կանայք բիզնեսում ֆորում»-ը՝ երկխոսության լավագույն հարթակ. Արմավիրը հյուրընկալել է կին ձեռներեցների

Գործարար կանանց մեկ հարթակում համախմբելու, ծանոթությունների և համագործակցությունների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու, բիզնեսի բնագավառում կանանց գիտելիքները հարստացնելու նպատակով Արմավիրում անցկացվել է «Կանայք բիզնեսում ֆորում»-ը (Women In Business Forum):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆորումի ինֆորմացիոն հովանավոր Catch up Productiօn  ընկերության  հիմնադիր Մանե Բարեղամյանն ընդգծում է՝ մտադիր են եղել ստեղծել գործարար համայնք, ինչն իրենց հաջողվել է: «Մեզ համար շատ կարևոր էր ֆորումի ընթացքում ապահովել կրթական բաղադրիչը, կրթությանը վերաբորղ ծրագիր, որը կարողացանք իրականացնել: Գուցե շատ մարդիկ պատկերացում չունեին բիզնես վաճառքների, հաղորդակցության մասին, շատերն ինտուիտիվ են քայլեր անում բիզնեսի բնագավառում, բայց  հույս ունենք, որ այս ֆորումից հետո կսկսեն  նոր թեմաների մասին մտածել, ավելի լայն ու մասշտաբային մտածել, իրենց բիզնեսում հետաքրքիր լուծումներ գտնել», - շեշտում է նա:

Բարեղամյանը հավաստիացնում է, որ Արմավիրում մեծ անցուդարձ է, բոլորը խոսում են ֆորումի մասին, շատ ոգևորված են, իսկ այն մարդիկ, որոնք չեն մասնակցել ֆորումին, մեծ ցանկություն ունեն ներկա լինելու հաջորդ ֆորումին:

«Նրանք, ովքեր մասնակցել են ֆորումին, հետաքրքիր մեկնաբանություններ են գրում այն մասին, թե հետո ինչ կցանկանային տեսնել, ուստի մենք պարտավորվում ենք երկրորդ միջոցառումը ևս նախաձեռնել», - ասում է նա:

Ֆորումին, որն առաջին անգամ է կազմակերպվել Արմավիրում, մասնակցել է 29 գործընկեր տարբեր ոլորտներից: Մեծամասամբ մասնակցել են բիզնեսով զբաղվող կանայք, որոնցից յուրաքանչյուրն իր ծառայությունն է մատուցել ֆորումին:

Մանե Բարեղամյանը նշում է՝ այդպես  կարողացել են ցույց տալ, որ հնարավոր է համագործակցել,  որ դա լավ բան է, որի իրական արդյունքը ֆորումն էր:

Ֆորումի գործընկեր և հովանավոր My Brush ընկերության ղեկավար Հրանուշ Ավետիսյանն էլ խոստովանում է՝ ինքն ու Մանե Բարեղամյանը մեծ ոգևորությամբ ու պատասխանատվությամբ են պատրաստվել միջոցառմանը: «Այն ստացված եմ համարում, քանի որ և՛ միջոցառման ընթացքում, և՛ հետո շատ դրական արձագանքներ ենք ստացել հյուրերից, բանախոսներից, գործընկերներից: Շնորհակալ ենք բոլորին մեզ աջակցելու համար, և նման ֆորումը նպաստելու է գործարար համայնքի զարգացմանն ու առաջխաղացմանը»,-համոզմունք է հայտնում Ավետիսյանը:

Ֆորումի տասը բանախոսները ելույթներ են ունեցել «Սպառողի հոգեբանությունը», «Սպասարկման գաղտնիքները», «Ինչպե՞ս չձախողել. հինգ ռեալ քեյսեր», «Արվեստը բիզնեսում» և այլ թեմաներով, իսկ «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյանը ներկայացրել է «Լրատվամիջոցների հետ ճիշտ աշխատանքը բիզնեսի հաջողության և արդյունավետության բանալի» թեման:

Նրա խոսքով՝ լրատվամիջոցների հետ աշխատանքը յուրաքանչյուր բիզնեսի օգնում է գտնել իր սպառողին, այն իր ուրույն տեղն ունի արտադրությունից սպառում ընկած շղթայում։

«Յուրաքանչյուր ապրանքի կամ ծառայության համար արտադրողը փորձում է գտնել իրական վաճառքի հարթակ՝ ֆիզիկական կամ վիրտուալ։ Վաճառքի ֆիզիկական հարթակը, օրինակ, խանութն է, իսկ վիրտուալ հարթակները՝ լրատվամիջոցները։ Ինչպես խանութում կամ ծառայության մատուցման ֆիզիկական հարթակում է արտադրողը մտածում՝ ինչպես փաթեթավորել, որտեղ տեղակայել, որ լավ երևա, առհասարակ՝ որտեղ վաճառել, նույն կերպ էլ ԶԼՄ-ների հետ աշխատանքի պարագայում է անհրաժեշտ ճիշտ պլանավորմամբ ընտրել լրատվամիջոցը՝ սեփական լսարանին ճիշտ թիրախավորելու, պոտենցիալ սպառողի ընկալումների և վարքագծի վրա ազդելու համար»,-նշում է Նարինե Նազարյանը՝ ներկայացնելով մի քանի պատճառ, թե ինչու բիզնեսը պետք է ունենա մեդիայի հետ աշխատանքի ռազմավարություն և մեդիա պլանավորում։

Ֆորումի նախաձեռնողներն ու աջակիցները, հաշվի առնելով միջոցառման նկատմամբ մեծ հետաքրքրությունը, չեն բացառում, որ այն առաջինն ու վերջինը չէր: