ԱԽ քարտուղարն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակը

ԱԽ քարտուղարն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակը

 Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն օգոստոսի 8-ին ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:

Ինչպես հայտնել են Անվտանգության խորհրդի գրասենյակից, Արմեն Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս է հայտնել, որ դեսպանն իր գործունեության ընթացքում կնպաստի երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների առավել զարգացմանն ու ամրապնդմանը:

Կողմերը քննարկել են հայ-իրանական երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր, անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգային իրավիճակին: Վերոնշյալի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ավելի քան 7 ամիս շարունակվող արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը և Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները: