Արցախում խոզերի աֆրիկական ժանտախտի դեպքեր են գրանցվել. մսի շուկայում վերահսկողությունն ուժեղացվում է

Արցախի Ասկերանի շրջանում խոզերի աֆրիկական ժանտախտի 2 օջախ է հայտնաբերվել, կազմակերպվել են կանխարգելիչ միջոցառումներ: Այս մասին հաղորդել է Արցախի հեռուստաընկերությունը:
Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության և անասնաբուծության վարչության պետ Ռադիկ Գևորգյանն ասել է, որ այժմ իրավիճակը կայուն է:
«Ասկերանի անասնաբուժական կայանի կողմից տրամադրվել է ախտահանիչ նյութեր՝ անասնաշենքի և տարածքների ախտահանման նպատակով», - ասել է Ռադիկ Գևորգյանը
Խոզերի աֆրիկական ժանտախտը մարդու համար վտանգավոր չէ. այլ կենդանիների միջոցով համաճարակի տարածումը կասեցնելու համար կատարվում է անարյուն եղանակով կենդանիների ոչնչացում. թաղվել է 50 գլուխ խոզ:
«Այդ հիվանդության ժամանակ, երբ արձանագրվում է առաջին իսկ դեպքը, տնտեսության մնացած բոլոր կենդանիներին անարյուն եղանակով ոչնչացնում են, քանի որ հիվանդացած և առողջացած կենդանին մնում է վարակակիր», - նշել է Ռադիկ Գևորգյանը:
Շուկայում վաճառվող ցանկացած մսի անվտանգություն պետք է հավաստի անասնաբույժի տված տեղեկանքը, որն, ըստ գործող կարգի՝ տրվում է նախասպանդային և հետսպանդային զննությունից հետո: Համոզվելու համար, որ միսն անվտանգ է, քաղաքացին կարող է պահանջել այդ տեղեկանքը, իսկ վաճառողը պարտավոր է այն ներկայացնել:
Աղբյուրը՝ news.am