Հայաստանը բավարար ջրային ռեսուրսներ ունի, որպեսզի Սևանի հույսին չմնա. նախկին նախարար

Հայաստանը բավարար ջրային ռեսուրսներ ունի, որպեսզի Սևանի հույսին չմնա. նախկին նախարար

Հայաստանը բավարար ջրային ռեսուրսներ ունի, որպեսզի Սևանի հույսին չմնա, սակայն անխնա օգտագործում է և արհեստականորեն իջեցնում լճի մակարդակը։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս կարծիքը հայտնեց ՀՀ բնապահպանության նախկին նախարար Սարգիս Շահազիզյանը։

Պնդումներին, թե Հայաստանում ջրային ռեսուրսի ճգնաժամ կա, նա համաձայն չէ, Հայաստանում իրականում ջրի կառավարման ճգնաժամ է։ Մասնավորապես ոռոգման ջրի 60-70 տոկոսը իր նպատակին չի ծառայում, ջուրը տեղ չի հասնում։ Հետևաբար` պետք է խնդիրը լուծել և ոռոգման ցանցը նորոգել։

«Ինչքան հնարավոր է ջուրը պետք է տանել փակ եղանակով։ Մեր կլիմայական պայմաններում հսկայական քանակով ջուր է գոլորշիանում։ Սևան մտնող ջրի 90 տոկոսը գոլորշիանում է։ Եվ ցանկացած կլիմայական փոփոխություն կարող է բերել գոլորշիացման ավելացման կամ պակասեցման, դա մեր ձեռքում չէ։ Բնությունն իր օրենքներն ունի», – ընդգծեց փորձագետը։

Մեկ այլ օրինակ` Արփա–Սևանը 2010-17 թվերին չի աշխատել, այդ 7 տարվա ընթացքում Սևան կարող էր մտնել 1.7 միլիարդ խորանարդ մետր ջուր, որը իրականում մեծ թիվ է։

«Ջրի կառավարման հարցում թերացման մեկ այլ օրինակ` Հայաստանը չի օգտագործում է Ախուրյանի ջրամբարի իրեն հասանելի մասը (կառուցված է հայ-թուրքական սահմանին, խմբ.)։ Իսկ այդ ջրամբարը, երբ կառուցվել է, կես–կես օգտագործման պայմանով է կառուցվել», – նշեց նա։

Կարևոր և Հայաստանի համար ջրի կառավարման խնդիր է այն, որ ՀՀ–ից սկիզբ առնող գետերը հիմնականում Արաքս և Կուր գետերի միջոցով գնում են Ադրբեջան (լցվում են Կասպից ծով)։

«Հիմա բողոքում են Եղեգիսի ջրերից։ 46-48 կմ–անոց գետի վրա 17 ՀԷԿ–ի առկայությունը արդեն իսկ խնդիր է։ Եթե այդտեղ 4-5 հատ ՀԷԿ լիներ, դա նորմալ էր։ Բայց կա նաև լավ օրինակ` Վեդիի ջրամբարը, որտեղ սելաֆների ժամանակ ջրերը կուտակվել են։ Լավ բանին չես կարող չասել լավ, բայց դրա փոխարենը հազար ու մի տեղերը ջրերը անտեղի գնում են», – ընդգծեց Շահազիզյանը։

Իսկ Սևանի հիմնական խնդրի, կանաչման հարցի լուծման համար բնապահպանության նախկին նախարարը որպես տարբերակ նշեց, որ կարելի է Սևան թափվող 28 գետերից խոշորների վրա մաքրման կայաններ դնել։

Ոռոգման նպատակով Սևանից անդադար ջուր վերցնելը, և որպես հետևանք մակարդակի կայուն նվազումը լճին սպառնում են ճահճացմամբ: Այս խնդրին ավելացել է լճի ափերին հազարավոր սոճիների չորացումը։

Շահազիզյանը շատ հավանական է համարում, որ ափամերձ անտառների չորացման պատճառը կարող է արտասահմանից հիվանդ ծառատեսակների ներկրումը լինել, որոնք տարածել են հիվանդությունը։ Այստեղ անհրաժեշտ է պետական մակարդակով լուրջ մոտեցում, քանի որ, նրա խոսքով, սոճիների խնդրով պայմանավորված` ափամերձ անտառները ոչնչացման եզրին են գտնվում։

Նշենք, որ հուլիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համաձայն Սևանա լճից լրացուցիչ բաց կթողնվի մինչև 70 միլիոն խորանարդ մետր ջուր, ընդհանուր ջրառը կկազմի մինչև 240 միլիոն խորանարդ մետր։

Աղբյուրը՝   armeniasputnik.am