WhatsApp-ը նամակագրությունը պաշտպանելու նոր գործառույթ կունենա

WhatsApp-ը նամակագրությունը պաշտպանելու նոր գործառույթ կունենա

WhatsApp մեսենջերի վեբ տարբերակը էկրանը կողպելու նոր գործառույթ կունենա, որը հնարավորություն կտա սահմանափակել մեսենջերի օգտագործումը չարտոնված անձանց կողմից։ Այս մասին հայտնում է WABetaInfo պորտալը։

Այս գործառույթի մասին առաջին անգամ հիշատակվել է 2022-ի նոյեմբերին։ Այժմ նորամուծությունը հասանելի է դարձել WhatsApp վեբ տարբերակի համար նախատեսված մեծ թվով բետա փորձարկողների համար: Գործառույթը թույլ է տալիս արգելափակել մուտքը դեպի մեսենջեր և պահանջում է յուրաքանչյուր անգամ հավելվածը բացելուց հետո մուտքագրել հատուկ գաղտնաբառ:

Եթե ​​օգտատերը մոռանա գաղտնաբառը, ապա ստիպված կլինի ավարտել տվյալ սեսիան, ինչից հետո պետք է նորից նույնականացում անցնի QR կոդի միջոցով, որը կհայտնվի համակարգչի էկրանին (նույնականացումն անցնելու համար օգտատերը պետք է այդ պահին հեռախոսով մուտք եղած լինի WhatsApp-ի իր օգտահաշիվ):

Նոր գործառույթի ակտիվացումը երաշխավորում է, որ եթե որևէ մեկը հասանելիություն ստանա օգտատիրոջ համակարգչին նրա բացակայության ժամանակ, ապա չի կարող կարդալ նրա հաղորդագրությունները առանց գաղտնաբառը մուտքագրելու: Բացի դրանից, չեն ցուցադրվի նաև push ծանուցումները մինչև գաղտնաբառը չմուտքագրվի։

Նոր հնարավորությունը ներկայումս փորձարկվում է, ինչի պատճառով այն դեռ հասանելի չէ WhatsApp Web-ի կայուն տարբերակում։ Նման գործառույթ նախատեսված է հավելվածի բոլոր մյուս հարթակների համար։

WhatsApp-ում վերջերս մի քանի նոր գործառույթներ են ներդրվել։ Մասնավորապես, հավելվածի Android տարբերակում մի քանի օգտահաշիվներ միաժամանակ ավելացնելու և օգտագործելու հնարավորություն է հայտնվել։ Նաև WhatsApp-ում արդեն հնարավոր է տեսազանգերի ժամանակ  էկրանը կիսել զրուցակիցների հետ։

Վերջերս WhatsApp-ը նաև հայտարարել է, որ կուժեղացնի անվտանգությունը. հավելվածը շուտով կունենա նույնականացման նոր համակարգ՝ հիմնված մուտքի կենսաչափական բանալիների վրա։ Նման համակարգը օգտատերերի համար խոստանում է պաշտպանության և անվտանգության լրացուցիչ շերտ:

Աղբյուրը՝   news.am