Կայացել է Սյունիքի մարզի խորհրդի հերթական նիստը
Օգոստոսի 14-ին կայացած Սյունիքի մարզի խորհրդի հերթական նիստը վարել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Այս մասին տեղեկացնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։
Ըստ մամուլի հաղորդագրության՝ նիստն անցկացվել է ընդլայնված ձևաչափով․ մասնակցել են մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներ և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, Սյունիքի համայնքների, ուժային մարմինների մարզային կառույցների ղեկավարներ։
Նիստի մեկնարկին, մարզպետի առաջարկով, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Շիրակում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի հիշատակը։
Օրակարգի առաջին կետով Սյունիքի համայնքներում սուբվենցիոն ծրագրերի ընթացքի և դրանց առնչվող խնդիրների մասին զեկուցել է Սյունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Մուշեղ Կոստանդյանը։
Նա տեղեկացրել է, որ 2020-2022թթ․ ժամանակահատվածում հաստատված սուբվենցիոն ծրագրերից 25-ը ներկա դրությամբ դեռևս ընթացքի մեջ են։
Նշվել է նաև, որ 2023 թ․ հաստատված սուբվենցիոն ծրագրերը մարզում 24-ն են՝ 6․6 մլրդ ծրագրային արժեքով, որի մոտ 62․5 տոկոսը կամ 4․133 մլրդ դրամը պետության մասնաբաժինն է․
- Կապան՝ 11 ծրագիր՝ 2․825 մլրդ դրամի․ պետական մասնաբաժինը՝ 1․893 մլրդ դրամ,
- Գորիս՝ 4 ծրագիր՝ 1․935 մլրդ դրամի, պետական մասնաբաժինը՝ 1․085 մլրդ դրամ,
- Մեղրի՝ 2 ծրագիր՝ 216 մլն դրամի, պետական մասնաբաժինը՝ 151 մլն դրամ,
- Քաջարան՝ 2 ծրագիր՝ 1․208 մլրդ դրամ, պետական մասնաբաժինը՝ 725 մլն դրամ,
- Տեղ՝ 1 ծրագիր՝ 21 մլն դրամի, պետական մասնաբաժինը՝ 12 մլն դրամ,
- Տաթև՝ 4 ծրագիր՝ 410 մլն դրամի, պետական մասնաբաժինը՝ 267 մլն դրամ։
2023 թ․ հաստատված ծրագրերի աշխատանքներն ավելի քան 60 տոկոսով արդեն սկսվել են։
Իսկ եթե վերջնականապես հաստատվեն 2024-ի համար արդեն ներկայացված սուբվենցիոն ծրագրային հայտերը, դրանց գումարը Սյունիքում գալիք տարի առաջին անգամ կգերազանցի 10 մլրդ դրամը․ ըստ հայտերի՝ մարզում նախատեսվում է 30 ծրագիր՝ 11 մլրդ գումարով, որից 6․554 մլրդ-ը պետական մասնաբաժինն է։
Իր զեկույցում Մուշեղ Կոստանդյանը խոսել է նաև սուբվենցիոն ծրագրերի հետ կապված խնդիրների մասին, որոնք վերաբերում էին շինարարության ոլորտին, փաստաթղթերի ներկայացմանը, մշտադիտարկմանը։
Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ մարզի բազմաթիվ բնակավայրերում առաջնային խնդիրը խմելու ջրի բացակայությունն է, ու սուբվենցիոն ծրագրերի հայտեր կազմելիս, ինչպես նաև այլ ներդրումներով աշխատանք կատարելիս՝ պետք է առաջնահերթություն տրվի նախ այս հարցի լուծմանը․ ջուրը կենսական անհրաժեշտություն է ու ամենակարևոր նախապայմանը՝ տվյալ վայրում մարդկանց բնակության համար։
Նիստի ընթացքում Սյունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոբերտ Կոստանդյանը խոսել է մարզում բերքահավաքի աշխատանքների ընթացքի ու առկա խնդիրների մասին։ Այս համատեքստում քննարկվեցին նաև ցորեն մշակողներին պետական աջակցության ծրագրի մարզային արդյունքները, Սյունիքում գյուղատնտեսական ապահովագրության ներդրման պատկերը։
Մարզի խորհրդի նիստում քննարկվել են այլ հարցեր ևս։