ՀՀ տնտեսությունը շարունակում է ապավինել հանքարդյունաբերության ոլորտին

ՀՀ տնտեսությունը շարունակում է ապավինել հանքարդյունաբերության ոլորտին

ՀՀ տնտեսությունը շարունակում է ապավինել հանքարդյունաբերության ոլորտին, չնայած վերջինս էականորեն թուլացրել է դիրքերը: Այդ մասին է վկայում այս ամիս հրապարակված 2023թ. հունվար-հունիս ամիսների 1000 խոշոր հարկատուների ցանկը, որը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»: Նշված ժամանակահատվածում ընկերությունը պետական բյուջե է վճարել շուրջ 35 մլրդ դրամ հարկեր, ինչը շուրջ 25 տոկոսով գերազանցում է նախորդ եռամսյակում կատարած վճարումներին, սակայն ավելի քան 66 տոկոսով պակաս է անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ:

Սա մի քանի բացատրություն  ունի։ Առաջին հերթին՝ անցյալ տարի գործող արտահանման մասով «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունը, որի հետևանքով անցյալ տարի վճարված հարկերի քանակը աննախադեպ էր, թեև՝ հանքարդյունաբերողների պնդմամբ սա մեծագույն հարված էր ոլորտի տնտեսական արդյունավետությանը։ Դեր է խաղացել նաև  այն հանգամանքը, որ անցյալ տարի ԶՊՄԿ-ն վճարել է նախորդ տարիներից և մինչև սեփականատերերի  կազմի փոփոխությունը գոյացած չվճարված հարկային պարտավորությունները։ Այս տարի նաև արտարժույթի փոխարժեքի աննախադեպ անկման հետևանք կարելի է համարել հարկերի նվազումը, քանի որ հանքարդյունաբերական ընկերությունները արտահանում են ողջ արտադրանքը, եկամուտը միայն արտարժույթով է, իսկ բոլոր գործառնական և կապիտալ ծախսերը, որոնք տարբեր հաշվարկներով եկամտի կեսից ավելին են կազմում, իրականացվում են տեղում՝ ՀՀ դրամով։

axyusak 160726.jpg (200 KB)

Թերևս, այս հանգամանքներով է պայմանավորված, որ ինչպես երևում է բերված աղյուսակից, հանքարդյունաբերությամբ և հանքարդյունաբերությանն առնչվող գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները (հաշվի են առնված միայն մետաղական հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունները) 1000 խոշոր հարկատուների ցանկում լուրջ հետընթաց են արձանագրել ինչպես դիրքային առումով, այնպես էլ վճարած հարկերի մեծությամբ, թերևս բացառությամբ ԶՊՄԿ-ի, որ թեև վերը բերված պատճառներով պայմանավորված նվազեցրել է հարկերը, սակայն պահպանել է առաջին հարկատուի դիրքը: Ի դեպ, եթե համեմատենք այս տարվա առաջին կիսամյակին ԶՊՄԿ վճարած հարկերը նախորդ 10 տարիների հետ, ապա միևնույն է ԶՊՄԿ-ն այս տարի ավելի շատ հարկ է վճարել, քան նախորդ բոլոր տարիների նույն ժամանակահատվածում (չհաշված բացառիկ նախորդ տարին)։

Այդուհանդերձ, եթե 2022 թ. 1-ին կիսամյակում ցանկում ներառված 15 կազմակերպություններից 9-ը հայտնվել են 100 խոշոր հարկ վճարողների շարքում, այդ թվում 4-ը՝ առաջին 10-յակում, ապա 2023 թ. նույն ժամանակահատվածում այդպիսի կազմակերպությունները ընդամենը 2-ն են՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» և «Թեղուտը», ընդ որում՝ վերջինս եզրափակում է նշյալ ցանկը: Հարկ է նկատել նաև, որ կազմակերպություններից 5-ը լքել են 1000 խոշոր հարկ վճարողների շարքերը, միևնույն ժամանակ ցանկում ներառվել են 3 նոր ընկերություն: 

Ինչ վերաբերում է խոշոր հանքարդյունաբերական կազմակերպությունների վճարած հարկերի մեծությանը, ապա դիտարկվող ժամանակաշրջանում դրանք ավելի քան եռակի անգամ նվազել են, այն դեպքում, երբ բոլոր 1000 հարկ վճարողների մուծած հարկերն ավելացել են 21 տոկոսով: Հավելենք նաև, որ եթե 2022 թ. 1-ին կիսամյակում 1000 հարկատուների կողմից վճարված հարկերի 1/5-ն ապահովել էին հանքարդյունաբերության ոլորտի կազմակերպությունները, ապա 2023 թ. նույն ժամանակահատվածում այդ մասնաբաժինը կրճատվել է շուրջ 4 անգամ: Սա ևս մեկ անգամ փաստում է հանքարդյունաբերության ոլորտի նահանջի մասին:

Չնայած պատճառների մասին համապարփակ հետևություններ անելու համար կիսամյակային վերլուծությունը բավարար չէ, տարեկան կտրվածքով տվյալները պատկերն առավել ամբողջական կդարձնեն, սակայն կարող ենք նշել, որ բացի վերը բերված պատճառներից, դեր է խաղում այն հանգամանքը, որ գործող խոշոր ընկերություններից մի քանիսը պարզապես գրեթե չեն գործում: Մասնավորապես, «Թեղուտ» ընկերության հարկային վճարումների ավելի քան 82 տոկոս կրճատման գլխավոր պատճառը ռուս–ուկրաինական հակամարտությունն է, Արցախյան վերջին պատերազմից հետո այս պահին գրեթե չի գործում Սոտքի հանքավայրը։ Մեծ հաշվով, կարելի է համարել, որ ոլորտը ճգնաժամի մեջ է, եթե հավելենք նաև մի քանի տարի հարկադիր պարապուրդի մեջ գտնվող Լիդիանը։ Միակ գործող խոշոր ընկերությունը մնացել է ԶՊՄԿ-ն։

Ռեսուրսատար ճյուղի կրճատումը  միջին ու բարձր տեխնոլոգիական արտադրության զուգահեռաբար զարգացման պարագայում, միգուցե այդքան անհանգստացնող չլիներ, սակայն, քանի դեռ նշված ոլորտում շոշափելի առաջընթաց չունենք,  իսկ ռեսուրսների համար պայքարում Հայաստանը իր ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման փոխարեն, կարծես ապրում է ոլորտի զգալի կրճատման փուլ, սա անհանգստացնող միտում է ոչ միայն տնտեսական, այլև, առհասարակ, երկրի անվտանգության տեսանկյունից։