Hugo Boss-ը որոշել է Ռուսաստանում թողնել իր բիզնեսի միայն մի մասը. «Կոմերսանտ»

Hugo Boss-ը որոշել է Ռուսաստանում թողնել իր բիզնեսի միայն մի մասը. «Կոմերսանտ»

Արեւմտյան ֆեշըն-ռիթեյլերների ճնշող մեծամասնությունն արդեն որոշել է իր բիզնեսի ճակատագիրը Ռուսաստանում, իսկ չկողմնորոշվածների մեջ հիմնականում պրեմիում-բրենդներն են, որոնց մեջ է մնում նաեւ Hugo Boss-ը, գրել է «Կոմերսանտը»։

Գերմանական Hugo Boss AG կոնցեռնը որոշել է վերակողմնորոշել իր բիզնեսը Ռուսաստանում մեծածախ մատակարարումների ուղղությամբ եւ բանակցություններ է վարում իր ակտիվների վաճառքի եւ երկրում ունեցած պարտավորությունների վերաբերյալ, նշվել է ընկերության 2023թ. առաջին կիսամյակի հաշվետվությունում։ Մեծածախ մատակարարումների անցնելու եւ բիզնեսը Ռուսաստանում գործընկերոջը հանձնելու որոշման մասին գիտի նաեւ «Կոմերսանտի» աղբյուրը անշարժ գույքի շուկայում։ Hugo Boss-ի մամուլի ծառայությունում «Կոմերսանտին» տեղեկացրել են, որ ներկայում ընկերությունը «վերանայում է բիզնես-կառույցը Ռուսաստանում եւ լուծում է փնտրում, որը կհամապատասխանի կոնցեռնի բիզնես-մոդելին»։

Hugo Boss-ը հագուստի գերմանական խոշոր արտադրող է։ 2022թ. վերջին նրա կառավարմանն էր պատկանում 19 խանութ Մոսկվայում, Մերձմոսկվայում, Սանկտ Պետերբուրգում եւ Դոնի Ռոստովում։ «Hugo Boss Рус»-ի հասույթը 2022թ. կրճատվել է տարեկան 17 տոկոսով՝ կազմելով 6,3 մլրդ ռուբլի, վնասը կազմել է 26,2 մլն ռուբլի՝ մեկ տարի առաջվա 406 մլն ռուբլի զուտ շահույթի դիմաց։

2022թ. մարտին Hugo Boss AG-ն հայտարարել էր, որ դադարեցնում է մանրածախ գործառնությունները եւ օնլայն վաճառքը Ռուսաստանում։

Ընկերությունը չէր դադարեցրել, սակայն, մեծածախ խողովակներով առեւտուրը. 2022-2023թթ. ընթացքում ընկերությունը համապատասխանության հայտարարագրեր է ստացել կանանց եւ տղամարդկանց կոշիկի եւ հագուստի գծով։

Աղբյուրը`   news.am