Հայաստանում դիտարկվում են «Վերին Լարս»-ի շրջանցմամբ դեպի ՌԴ բեռնափոխադրումների ծախսերի նվազմանն ուղղված քայլեր

Հայաստանում դիտարկվում են «Վերին Լարս»-ի շրջանցմամբ դեպի ՌԴ բեռնափոխադրումների ծախսերի նվազմանն ուղղված քայլեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն, ի պատասխան «ԱՌԿԱ» գործակալության հարցմանը, անդրադարձել է Ռուսաստան բեռների առաքման ծախսերի նվազեցման մեխանիզմներին՝ շրջանցելով վրաց-ռուսական սահմանի «Վերին Լարս»-ի անցակետը։

Էկոնոմիկայի նախարարությունից նշեցին, որ «Վերին Լարս»-ի անցակետը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով՝ եղանակային պայմաններ, խստացված ստուգումներ, խցանումներ, պատահարներ և այլն, փակվում է, ուստի կառավարությունը, առաջացած բարդությունները հաղթահարելու նպատակով, դիտարկում է ՌԴ-ից ՀՀ միակ գործող ցամաքային ուղուն այլընտրանքային՝ լաստանավով և/կամ բեռնարկղերով (կոնտեյներներով) բեռնվող նավով տեղափոխման ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացումը:

«Գործընթացը կազմակերպելու համար ՀՀ կառավարության կողմից որպես օպերատոր ճանաչվել է «Սի ընդ Էմ Ինթերնեյշնլ» ընկերությունը, որն արդեն սկսել է ծովային ճանապարհով բեռնափոխադրումը Նովոռոսիյսկ-Բաթումի, Բաթումի-Նովոռոսիյսկ ուղղությամբ: Պետությունը սուբսիդավորում է բեռնափոխադրումները», - նշվում է նախարարության մեկնաբանության մեջ:

Ընթացիկ իրավիճակը
Ինչ վերաբերում է ընթացիկ իրավիճակին, ապա նախարարությունից նշում են, որ ՀՀ կառավարության կողմից ռուսական և և վրացական գործընկերների հետ իրականացված աշխատանքի և համագործակցության արդյունքում ներկայումս «Վերին Լարս»-ի անցակետի հետ կապված իրավիճակը կայուն է: Մեծացել է թողունակությունը, ավելացել են երթևեկելի գոտիները:

Գերատեսչությունից նաև նշել են, որ կատարվող ընդլայնման աշխատանքների արդյունքում սկսվել է բեռների ռենտգեն սկանավորման արդյունքների փոխանակման գործընթացը, ինչը թույլ է տալիս հայկական կողմում իրականացված ռենտգեն սկանավորման արդյունքներն օգտագործել ռուսական կողմում իրականացվող հսկողության ընթացքում, որը կարող է հանգեցնել բեռների ավելի արագ ձևակերպմանը:

ԵԱԶԲ-ի նախագիծը «Վերին Լարս»-ի մասով
Ավելի վաղ հաղորդվել էր հունիսի 8-ին Սոչիում վրաց-ռուսական սահմանի «Վերին Լարս» անցակետի ենթակառուցվածքի վերակառուցման վերաբերյալ ԵԱԶԲ-ի և «КАВКАЗ.РФ» ընկերության միջև փոխգործակցության հուշագրի ստորագրման մասին։ Նախագծի արդյունքում անցակետի թողունակությունը կավելանա 15-20%-ով։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է մինչև 200 միլիոն դոլար, որից ԵԱԶԲ-ի մասնաբաժինը նախնական գնահատվում է 150 միլիոն դոլար: Այսպիսով, ԵԱԶԲ-ն սկսում է նախապատրաստել և իրականացնել «Տրանսպորտի, լոգիստիկայի և ճանապարհային ենթակառուցվածքների զարգացումը «Վերին Լարս» հսկիչ անցակետի ուղղությամբ» ներդրումային նախագիծը Հյուսիսային Օսիայի Հանրապետությունում, որով անցնում է Հայաստանից Ռուսաստան միակ ցամաքային ճանապարհը։ .

«Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետը (ICCP) և դրան հարող տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքը Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կարևոր տարրերն են, որը եվրասիական տրանսպորտային շրջանակի մաս է կազմում: Հայաստանի համար այս երթուղին ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որն ապահովում է առևտրատնտեսական կապեր ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների հետ: Բացի այդ, «Վերին Լարս» անցակետով իրականացվում է ուղևորների և բեռների տեղափոխում Բելառուսի, Վրաստանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև։ Նման փոխադրումների ծավալները զգալիորեն ավելացել են վերջին տարվա ընթացքում։

Նախագծի իրականացումը թույլ կտա որակապես բարելավել սահմանը հատելու պայմանները վարորդների համար, որոնք իրականացնում են միջազգային ավտոփոխադրումներ, ինչպես նաև ուղևորների համար անվտանգ կայանատեղիների, օժանդակ ենթակառուցվածքի ստեղծման հաշվին, ինչն իր հերթին դրական կազդի սահմանը հատելու ժամանակի և այս կարևորագույն տրանսպորտային միջանցքով ճանապարհային երթևեկության անվտանգության վրա, հատկապես ձմռանը, երբ եղանակային պայմանները վատանում են և գրանցվում են ավտոտրանսպորտի զգալի կուտակումներ:

Աղբյուրը՝   arka.am