Հայաստանի և Չինաստանի միջև առևտրի ծավալը առաջին կիսամյակում գերազանցել է 800 մլն դոլարը

Հայաստանի և Չինաստանի միջև առևտրի ծավալը առաջին կիսամյակում գերազանցել է 800 մլն դոլարը

Հայաստանի և Չինաստանի միջև առևտրի ծավալը 2023 թվականին կազմել է ավելի քան 800 մլն դոլար։ Այդ մասին ասել է Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը ԶԼՄ-ների հետ ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակներում երկու երկրների միջև համագործակցությունն աճում է: Բացի այդ, տարիներ շարունակ Չինաստանը Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է եղել։

«Չինաստանի վիճակագրական տվյալների համաձայն՝ երկու երկրների միջև առևտրի ծավալը 2022 թվականին կազմել է 1,43 մլրդ դոլար։ Առաջին կիսամյակում ծավալը կազմել է ավելի քան 800 մլն դոլար, ինչը 45%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը»,-ասել է չինացի դիվանագետը։

Ֆան Յոնգը նշել է, որ Չինաստանը մասնակցում է «Հյուսիս-Հարավ» մայրուղու մի հատվածի վերանորոգմանը, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն երկրի լավագույն ճանապարհն է անվանել:

Հունիսին 14,4 մլն դոլարի համաձայնագիր է ստորագրվել Չինաստանի կողմից Հայաստանի Հանրային հեռուստատեսության նոր տաղավարի կառուցման ֆինանսավորման մասին:

Պարենի համաշխարհային ծրագրի (ՄԱԿ-ի ՊՀԾ) միջոցով Շիրակի Լուսակերտ գյուղում իրականացվել է կաթիլային ոռոգման ներդրման ծրագիր:

Ֆան Յոնգը հայտնել է, որ նոյեմբերին Շանհայում կանցկացվի Ներմուծման չինաստանյան վեցերորդ միջազգային ցուցահանդեսը: Չինաստանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու դրան, ինչը հայ գործարարներին թույլ կտա ավելի լավ ճանաչել շուկան, խթանել գինու, հանքային ջրի, գյուղատնտեսական մթերքների ներմուծումը։

Բացի այդ, դեսպանատան առևտրատնտեսական հարցերով խորհրդական Չժայ Չունը նշել է արտահանման հետ կապված դժվարությունները՝ հաշվի առնելով երկու երկրների աշխարհագրական հեռավորությունը։ Եվ այնուամենայնիվ, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը փոքր երկիր է՝ 3 միլիոնից պակաս բնակչությամբ, Չինաստանն այն կարևոր առևտրային գործընկեր է համարում և ակնկալում է փոխշահավետ համագործակցություն:

Չժայ Չունը նշել է, որ անցյալ տարի Չինաստան է արտահանվել ռեկորդային քանակությամբ հայկական կոնյակ՝ մոտ 70 հազար շիշ: Բացի այդ, պահանջարկ ունի նաև հայկական մեղրը։ «Հայկական որակյալ արտադրանքը շատ լավ վաճառվում է Չինաստանում, կցանկանայի, որ այն ավելի շատ լիներ»,- հավելել է դեսպանատան խորհրդականը:

Նշենք, որ Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ.-ի ապրիլի 6-ին: 1992 թվականի հուլիսից Երևանում գործում են ՉԺՀ դեսպանությունը և առևտրային ներկայացուցչությունը: 1996 թվականի հոկտեմբերի 10-ից Պեկինում գործում է Հայաստանի դեսպանությունը:

Աղբյուրը՝   armeniasputnik.am