Վերին Գետաշենում այս տարի սուբվենցիոն երկու ծրագիր է իրականացվում

Վերին Գետաշենում այս տարի սուբվենցիոն երկու ծրագիր է իրականացվում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վերին Գետաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվել է 7 փողոց, ընթանում են ներհամայնքային ոռոգման առուների կառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Վերին Գետաշենի 7 փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 90 միլիոն 690 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը` Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա հուլիսին եւ, 2023 թվականի օգոստոսի 18-ի դրությամբ, արդեն գտնվում են ավարտական փուլում։ Ասֆալտապատմամբ հիմնանորոգվել է 1880 գծամետր ճանապարհ ` 6500 քառակուսի մետր մակերեսով։

Վերին Գետաշենի ոռոգման առուների կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 36 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը` Մարտունու համայնքապետարանը։ 2023 թվականի օգոստոսի 18-ի դրությամբ՝ շինարարական աշխատանքներն այստեղ ավարտել են շուրջ 60 տոկոսով։ Ծրագրով նախատեսված է 600 մետր երկարությամբ ոռոգման առուների կառուցում` երկաթյա եւ երկաթբետոնյա կիսախողովակներով։ Ծրագրի իրականացման արդյունքում Վերին Գետաշենի 3 թաղամասի մոտ 100 տնտեսությունների ոռոգման ջուրը կմատակարարվի անկորուստ եւ ժամանակին։

Վերին Գետաշենում ընթացող սուբվենցիոն ծրագրերի շինհրապարակներում օրերս մշտադիտարկում են իրականացրել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը եւ Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը։