Ճոպանուղի, այգիների կառուցում, Կենտրոնում՝ ճանապարհային օղակ. «Ապրելու երկիր»-ը ներկայացրել է իր 8 մեգանախագծերը

Երեւանի ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանը ներկայացրել է կուսակցության 8 մեգանախագծերը:
Մեգանախագծերը ներառում են ճոպանուղու, այգիների, ճանապարհային օղակի կառուցում, Զվարթնոց օդանավակայանի նախկին շենքի նորոգում, Էրեբունի թանգարանի վերանորոգում եւ այլն:
«Հիմա տրանսպորտի սպասելը դարձել է վիճակախաղ, թե երբ կգա տրանսպորտը, եւ երբ կհասնեն իրենք: Ճոպանուղին դուրս է այդ խնդիրներից: Ճոպանուղու կառուցումը շատ ավելի արագ է, մատչելի եւ հեշտ, դրա համար շատ քաղաքներ այժմ անցնում են ճոպանուղիների: Երեւանի պարագծով կենտրոնից ծայրամաս հասնելը տեւելու է անփոփոխ 10 րոպե, որովհետեւ չկան խցանումներ: Էլ չխոսենք զբոսաշրջային առավելությունների համար: Ուղեվարձը լինելու է 100 դրամ»,- ասաց Մեսրոպ Առաքելյանը:
Առաքելյանի խոսքով՝ Երիտասարդության պալատը եղել է Երեւանի գլխավոր խորհրդանիշներից մեկը, եւ իրենք այն վերածելու են մեծ կենտրոնի. «Եվ այդտեղ ստեղծվելու են շատ աշխատատեղեր»:
Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ Էրեբունու թանգարանի այժմյան վիճակը ոչ միայն զբոսաշրջիկների, այլ մեզ համար հաճելի չէ. «Թանգարանի վերականգնումը նույնպես շատ կարեւոր է մեզ համար, որովհետեւ մենք անընդհատ խոսում ենք մեր պատմությունից, սակայն առանց թանգարանների»:
Նա շեշտեց, որ նախագծով վերանորոգվելու է նաեւ Զվարթնոց օդանավակայանի նախկին շենքը.
«Զվարթնոցի նախկին շենքը եղել է ոչ միայն օդանավակայան այլեւ պատմաշկաությային կոթող: Սակայն մատնված է անուշադրության, կորցնում է իր արժեքը: Այսպես շարունակվի մի օր էլ կարող են ասել քանդման ենթակա է: Մենք պատկերացնում ենք շենքի ժամանակակից վերականգնումը, որը նաեւ գործող շենքին կօգնի»:
5-րդ մեգանախագիծը այգիների ստեղծումն է. «Մենք այսօր Երեւանում հնարավորություն չունենք մի քանի հարյուր մետրից ավելի անխափան քայլել, այսինքն՝ առանց փողոցն անցնելու: Այգում զբոսնելիս կամ այլ տեղ գնալիս մարդիկ անընդհատ սթրես են ապրում փողոց անցնելիս: Այսինքն՝ այդ պարփակված փողոց անցնելը հնարավորություն չէր տալիս՝ վայելել հանգիստը: Ուսումնասիրելիս Երեւանի այգիները՝ մենք բացահայտեցինք մի հետաքրքիր հատված, որ շատ կարճ ժամանակում եւ շատ փոքր ռեսուրսներով մենք հնարավորություն ունենք ստանալու մի շատ մեծ հանրային հատված: Դա Շահումյան հրապարակին հարող այգիներն են: Մենք այդ հատվածը դարձնում ենք կանաչ տարածք: Այնուհետեւ Վազգեն Սարգսյանի, Գրիգոր Լուսավորիչի եւ Իտալիայի փողոցներում սարքվում է կանաչ տարածք եւ այդտեղ կառուցվում են թունելներ, որպեսզի մեքենաներն անցնեն գետնի տակով, իսկ մարդիկ՝ քայլում են: Այս նախագծով մենք հնարավորություն ունենք Հանրապետության հրապարակից առանց փողոց անցնելու վայելել այս այգիները»:
Առաքելյանը խոսեց նաեւ «Կասկադ-Մոնումենտի այգի» կապի մասին. «Երկար տարիներ ականտես ենք լինում Կասկադի այդ վերեւի հատվածի անմխիթար վիճակին: Այն պետք է կապի Մոնումենտի այգին Կասկադին: Կասկադի ներքեւի հատվածը գեղեցիկ է, իսկ վերեւի հատվածը՝ անմխիթար»:
Նա նշեց, որ իրենք առաջարկում են՝ Ֆրանսիայի հրապարակի վերեւի հատվածը նույնպես թունելային դարձնել. «Եվ հրապարակը դառնա այգի: Այսինքն՝ այդ խաչմերուկները՝ Սայաթ Նովա-Մաշտոց մեքենաները գետնի տակով են երթեւեկում՝ թունելների միջոցով, իսկ այստեղ ամբողջովին դառնում է այգի»:
8-րդ մեգանախագիծը մայրաքաղաքում ճանապարհային մեծ օղակ կառուցելն է. «Ճանապարհային մեծ օղակը հնարավորություն է տալիս Փոքր Կենտրոնից շրջանցող օղակը խցանումների համար դարձնել որպես դեղամիջոց, որովհետեւ հաճախ տեսնում ենք, որ Երեւանի կենտրոնում այնքան մեքենաներ են»:
Աղբյուրը՝ news.am