Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Մարտունի համայնքի Ներքին եւ Վերին Գետաշեն գյուղերի շինհրապարակներում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Մարտունի համայնքի Ներքին եւ Վերին Գետաշեն գյուղերի շինհրապարակներում
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ մշտադիտարկում անցկացրեց Ներքին եւ Վերին Գետաշեն գյուղերի շինհրապարակներում։
Մշտադիտարկումներին մասնակցում էին նաեւ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի եւ Մարտունու համայնքապետարանի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, կապալառու եւ տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների տնօրեններ։
Ներքին Գետաշենում մշտադիտարկում իրականացվեց խմելու ջրատար ցանցի կառուցման եւ երեք փողոցների հիմնանորոգման շինարարական տեղամասերում։ Ներքին Գետաշենի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագիրն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Ջրային ծրագրերի իրականացման մասնաճյուղի» կողմից, շուրջ 32 կիլոմետր ընդհանուր երկարությամբ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերից եւ ավարտի կհասցվեն 2024 թվականի օգոստոսին։
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 548 միլիոն 500 հազար դրամ։
2023 թվականի օգոստոսի 18-ի դրությամբ կառուցվել է շուրջ 20 կիլոմետր երկարության խմելու ջրատար։
Ներքին Գետաշենի ջրատար ներքին ցանցի վերակառուցումը չափազանց կարեւոր խնդիր է լուծում գյուղի բնակչության համար։ Այս ծրագրի շահառու է հանդիսանում 1000 տնտեսություն՝ մի քանի հազար շնչով։ Ընդ որում, ծրագրի հաշվին ոչ միայն խմելու ջուրն անցկացվում է բնակարաններ, այլ նաեւ տեղադրվում են հաշվիչներ։ Այս կերպ լուծվում է այդ տնտեսությունների մաքուր եւ շուրջօրյա ջրամատակարարման խնդիրը, ցանցում նվազագույնի են հասցվում կորուստները։ Շինարարական աշխատանքներն ընթանում են գյուղի թաղամասերի մեծ մասում՝ մոտ 80 տոկոսի չափով։
Ներքին Գետաշենի Սուրբ Խաչ թաղամասի 8-րդ, Վերին Դուրան թաղամասի 2-րդ եւ ՎերինԴեմեր թաղամասի 3-րդ փողոցներում ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են այս տարվա հուլիսին, ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 92 միլիոն 690 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը` Մարտունու համայնքապետարանը։ 2023 թվականի օգոստոսի 18-ի դրությամբ շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։
Ասֆալտապատմամբ հիմնանորոգվել է 1309 գծամետր ճանապարհ` 5600 քառակուսի մետր մակերեսով։
Վերին Գետաշենում մշտադիտարկում իրականացվեց ներհամայնքային 7 փողոցների հիմնանորոգման եւ ոռոգման առուների կառուցման շինհրապարակներում։
Շինարարությունները կատարվում են ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։
Վերին Գետաշենի 7 փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 90 միլիոն 690 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը` Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա հուլիսին եւ 2023 թվականի օգոստոսի 18-ի դրությամբ արդեն գտնվում են ավարտական փուլում։
Ասֆալտապատմամբ հիմնանորոգվել է 1880 գծամետր ճանապարհ` 6500 քառակուսի մետր մակերեսով։
Վերին Գետաշենի ոռոգման առուների կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 36 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը` Մարտունու համայնքապետարանը։ 2023 թվականի օգոստոսի 18-ի դրությամբ շինարարական աշխատանքներն այստեղ ավարտել են շուրջ 60 տոկոսով։ Ծրագրով նախատեսված է 600 մետր երկարության ոռոգման առուների կառուցում` երկաթյա եւ երկաթբետոնյա կիսախողովակներով։
Ծրագրի իրականացման արդյունքում Վերին Գետաշենի 3 թաղամասի մոտ 100 տնտեսությունների ոռոգման ջուրը կմատակարարվի անկորուստ եւ ժամանակին։
Վերջում Կարեն Սարգսյանն այցելեց Մարտունի քաղաքի Կարապետյան փողոցի շինհրապարակ, որտեղ ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ։
Մշտադիտարկման ընթացքում մարզպետը որոշ հարցեր քննարկեց համայնքի ղեկավարի, շինարարների, վարչական ղեկավարների հետ, արեց դիտողություններ եւ առաջարկություններ, նկատված թերությունները վերացնելու նպատակով տվեց համապատասխան հանձնարարականներ։ Մի շարք հարցեր բարձրացվեցին բնակիչների կողմից, որոնք քննարկվեցին տեղում, եւ որոնց կարգավորման ուղղությամբ եւս մարզպետի կողմից տրվեցին հանձնարարականներ։