Էրդողանը խոստանում է վերջ տալ Թուրքիայի գնաճի խնդրին

Էրդողանը խոստանում է վերջ տալ Թուրքիայի գնաճի խնդրին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ջանքեր են գործադրում տնտեսության հիմնական խնդիրը՝ գնաճը հաղթահարելու համար։ Կառավարության նիստից հետո Թուրքիայի նախագահը բնակչությանը համբերության կոչ է արել ու նշել, որ հանրապետության տնտեսությունում դրական միտումներ են նկատվում։

«Մենք մեր քաղաքացիների օրակարգից հանելու ենք գնաճի հարցը, բոլորը պետք է մի քիչ համբերություն ունենան, սպասում ենք նաև մեր քաղաքացիների աջակցությանը։ Տնտեսության դրական զարգացումներից է աճը։ Կենտրոնական բանկի արժութային պահուստները օգոստոսի 11-ի դրությամբ կազմել են 116 միլիարդ դոլար: Օտարերկրյա ներդրողներն ուշադիր հետևում են մեր տնտեսության դրական փոփոխություններին»,- ասել է Էրդողանը` հավելելով, որ արտերկրում Թուրքիայի նկատմամբ վստահությունը մեծացել է՝ հուլիսին իր շրջագայության ընթացքում Պարսից ծոցի երկրների հետ 50 միլիարդ դոլարի համաձայնագրերի կնքմամբ:

Թուրքիայի նախագահը նաև կոչ է արել հանրապետության քաղաքացիներին խնայել ջուրը՝ կապված չոր ամառվա և առանձին շրջաններում հնարավոր երաշտի մասին նախազգուշացումների հետ։

Աղբյուրը՝   b24.am