Սեւան համայնքի Ծովագյուղ եւ Ծաղկունք գյուղերում ընթանում են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ

Սեւան համայնքի Ծովագյուղ եւ Ծաղկունք գյուղերում ընթանում են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի Ծովագյուղ եւ Ծաղկունք գյուղերում այժմ ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, «Սեւան համայնքի Գագարին, Զովաբեր, Գեղամավան, Չկալովկա, Նորաշեն, Ծովագյուղ, Ծաղկունք, Դդմաշեն բնակավայրերի փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի 1-ին փուլի շրջանակներում այս օրերին աշխատանքներ են իրականացվում Ծովագյուղ եւ Ծաղկունք բնակավայրերում:

Ծովագյուղում ծրագիրն ասֆալտապատման փուլում է, որը հաջորդել է հողային, խճային հիմքի աշխատանքներին, եզրաքարերի տեղադրմանը: Աշխատանքներում ընդգրկված է 23 փողոց, փակուղի, նրբանցք` 33034 քառակուսի մետր ասֆալտբետոնե ծածկույթի տեղադրմամբ։

Ծրագրով նախատեսված աշխատանքներն իրականացվում է «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ի կողմից:

Ծաղկունքում նախատեսվում է ասֆալտապատել 8070 քառակուսի մետր, Դդմաշենում՝ 5968 քառակուսի մետր մակերես ընդգրկող ներհամայնքային ճանապարհներ։ Ծրագրային պայմանագրային արժեքը 524 միլիոն 605 հազար 510 դրամ է, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սեւանի համայնքապետարանը:

Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել այս տարվա ընթացքում։