Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնը կվերանորոգվի
Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Վահագն Մկրտչյանը Հայկական կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում ներկա է գտնվել ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ֆուկուշիմա Մասանորիի և ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանի կողմից դրամաշնորհի պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությանը, որին մասնակցել է նաև Գյումրու համայնքապետարանի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետ ժ/պ Նազելի Էլբակյանը։
Ըստ պայմանագրի՝ 66 137 ԱՄՆ դոլար կհատկացվի խնամքի կենտրոնի վերանորոգման և կահավորման համար։ Դրամաշնորհի միջոցով կվերանորոգվի 2-րդ հարկի միջանցքը, կկահավորվի 2-րդ մասնաշենքի 10 սենյակ, որոնք կհարմարեցվեն տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։
Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Վահագն Մկրտչյանը բարձր է գնահատել Գյումրու համայնքապետարանի բարեկամ դարձած երկու կառույցների՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և Հայկական կարմիր խաչի ընկերության միջև ձևավորված սերտ հարաբերությունները, ընդգծել համատեղ ծրագրի իրականացման կարևորությունը և շարունակական գործակցության պատրաստակամություն հայտնել։