450 մլն դրամ՝ երեխա ունեցող ընտանիքներին պետական աջակցության ծրագրի շրջանակներում

ՀՀ կառավարության որոշմամբ, 450 մլն դրամ հատկացվեց՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում 2023 թվականի 3-րդ եռամսյակում դիմող շուրջ 600 շահառուներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով։
Անդրադառնալով ծրագրին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ծրագրով նախատեսվում է երիտասարդ ընտանիքներին աջակցություն տրամադրել, ապա ընդգծել, որ ժամանակին ծրագրով նախատեսվող միջոցները չէին ծախսվում, հիմա նախատեսվող միջոցները չեն բավականացնում:
Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում առիթ ունեցել է սեփական աչքերով տեսնել 16 մլն դրամի ծրագրով սահմանամերձ բնակավայրերում կառուցվող բնակարան:
«Հետաքրքիր էր, որ այդ բնակարանը մեր ծրագրում չկար: Ես ուղղակի պատահական հարցրի, թե այնտեղ ինչ եք կառուցում: Այդ մարդն ասաց, որ Կառավարության ծրագրով տուն են կառուցում, և դա շատ հաճելի էր: Այնտեղ մարդիկ բարձրացրին հարցերը, խոսքը երկրորդ գրավի մասին էր»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ ավելի ուշ իրեն զեկուցել են, որ երկրորդ գրավի պայմանն արդեն հանվել է:
Աղբյուրը՝ shabat.am