Ցորենը 80 դրամով իրացնելու պարագայում էլ հայ ֆերմերը շահույթ է ունենում

Ցորենը 80 դրամով իրացնելու պարագայում էլ հայ ֆերմերը շահույթ է ունենում

Կառավարությունն արդեն խոշոր աջակցություն է ցուցաբերել ցորեն աճեցնողներին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե Ռուսաստանից մատչելի ցորեն է ներկրվում Հայաստան, հնարավոր չէ՞ Հայաստանի կառավարությունը առաջնահերթություն տա տեղական արտադրողների ցորենին:

Քերոբյանը հիշեցրել է, որ անցած տարվա աշնանացան ցորենի ծրագիրն աշխատել է բավականին հաջող, չնայած անցած տարի սեպտեմբերին եղած ռազմական գործողությունները չթողեցին, որ Գեղարքունիքի համայնքներում և Սիսիանում աշնանացանի ծրագիրն ամբողջ ծավալով իրականացվի, այնուհանդերձ, մոտ 13 հազար հեկտար ավելի ցանքատարածություն է մշակվել, և Կառավարությունը ամեն հեկտարի համար որոշակի գումար է սուբսիդավորել:

«Կարծում եմ, որ այսօր մեր խոսակցությունը ֆերմերների հետ ցույց է տալիս, որ այդ աջակցությունն ունեցել է կրիտիկական նշանակություն, որպեսզի այդ գործով զբաղվող ֆերմերները, այնուամենայնիվ, եկամուտ ունենան»,- ասել է նա՝ նկատելով, որ 80 դրամով իրացնելու պարագայում անգամ հայ ֆերմերը կարող է շահույթ ունենալ: Հարցին՝ ռուսական ցորենն ավելի էժան է, այդ մասով արդյոք հարվածի տակ չե՞ն հայ ֆերմերները, Քերոբյանը պատասխանեց. «Հակառակը՝ մեր խոսակցությունը ցույց են տալիս, որ չնայած գներն ընկել են, բայց, հաշվի առնելով մեր աջակցության ծավալը՝ ֆերմերները, այնուամենայնիվ, եկամտաբեր են աշխատել»:  

Աղբյուրը՝   shabat.am