Գործադիրը 8 մլրդ 972 մլն դրամ է հատկացրել 81 կմ ավտոճանապարհների հիմնանորոգման համար

Գործադիրը 8 մլրդ 972 մլն դրամ է հատկացրել 81 կմ ավտոճանապարհների հիմնանորոգման համար

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է՝ 2023 թ. հիմնանորոգման ծրագրով նախատեսված 21 ճանապարհահատվածի, 2022 թ.-ից անավարտ 1 ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների, 18 ճանապարհահատվածի և 3 տրանսպորտային օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, 21 ճանապարհահատվածի նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայությունների, 2 ճանապարհահատվածի լրացուցիչ աշխատանքների, ավարտված 4 ճանապարհահատվածի ընդունման և 5 տոկոսի վճարման (ԳՉԾ) համար նախատեսել ֆինանսական միջոցներ, ինչպես նաև թույլատրել կապալի 1 պայմանագրում կատարել փոփոխություններ։ Հիմնանորոգվող ավտոճանապարհի ընդհանուր երկարությունը 81.0 կմ է, ընդհանուր գումարը 8,972,683,160 դրամ է:

Մասնավորապես՝ իրականացվում են Աշոցքից դեպի Բավրա 11,5կմ ճանապարհահատվածի, Վայքից Զառիթափ 7.5 կմ հատվածի, Գորիսից Կապան 4 կմ ճանապարհահատվածի, Կարբի- Օհանավան 5.8 կմ հատվածի, Ազատամուտի տարածքում 3.96 կմ հատվածի, Վերին Պտղնի- Ջրվեժ 8.2կմ ճանապարհահատվածի, Ջրվեժից Խարբերդ 9.5կմ ճանապարհահատվածի, Հրազդանի տարածքում 4.2 կմ հատվածի, Չարենցավանից Ֆանտան 2.3 կմ հատվածի, Արագյուղ - Հարթավան 1.3 կմ հատվածի (Երնջատափ գյուղը շրջանցող հատված), Թթուջուր-Նավուր ավտոճանապարհի (2-րդ տեղամաս - 25 կմ), Ագարակաձորից դեպի Գնիշիկ 12կմ ճանապարհահատվածի, Ծիլքարից դեպի Լեռնապար 3.8 կմ հատվածի, Ներքին Բազմաբերդ– Կաքավաձոր ավտոճանապարհի 4.1 կմ հատվածի, Ակնալիճ – Արևիկ 3.6 կմ հատվածի, Արագյուղ - Քարաշամբ ավտոճանապարհի 3.7 կմ երկարությամբ հատվածի, Հ-36 ավտոճանապարհի 48-րդ կիլոմետրից դեպի զորամաս տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Նախատեսվում են Մուսալեռից Մեծամոր հատվածի մի մասում ջրահեռացման համակարգի, Արծվաբերդի հատվածում փլուզված հողային պաստառի վերականգնման աշխատանքներ:

Ավարտվել են Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Բազում, Պուշկինի թունել 4,954 կմ հատվածի, Ճամբարակ - /Մ-14/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Մ-4 - Աղավնավանք 11 կմ հատվածի, Հ-93, /Հ-75/ - Երերույքի տաճար հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2.7 կմ հատվածի, Գյումրի - Արևիկ – Այգեբաց - Վարդաքար - մարզային նշանակության ավտոճանապարհի Այգեբաց, Վարդաքար 5.76 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներ:

Ձեռք կբերվեն նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքննության հետևյալ ծառայությունները՝ Դիլիջան-Իջևան հատվածում անվտանգության տարրերի բարելավում և սև կետերի շտկում, Վանաձոր (Մ-6 հատման կետ) - Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհ հիմնանորոգում՝ Վանաձոր քաղաքի հատվածում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի (Սելիմի լեռնանցք) 1 կմ հատվածի վերակառուցում, Մ-14 ավտոճանապարհի Շողակաթ -Շորժա 5.3 կմ հատվածի հիմնանորոգում, Երևանից - Ողջաբերդ 16.73 կմ հատվածի (բացառությամբ սողանքային տեղամասերի) հիմնանորոգում, Ոսկետափ - Վեդի 3.8 կմ հատվածի հիմնանորոգում և այլն: