Կբարելավվեն Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի պայմանները

Կբարելավվեն Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի պայմանները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ վերջին շրջանում ՀՀ դրամի փոխարժեքի կտրուկ արժևորման հետևանքով արտարժույթով կնքված պայմանագրերի շրջանակում ստացվող վճարումները ՀՀ դրամով փոխանակելու դեպքում տնտեսավարողների մոտ առաջացող վնասների հետևանքով Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում ներգրավված վարկերի սպասարկման բեռը որոշակիորեն թեթևացնելու և ծրագրի պայմանները բարելավելու անհրաժեշտությամբ պայմանավորված։

Ըստ հիմնավորման՝ ծրագրի շրջանակում 2022 թվականին խաղողից բացի այլ ուղղությունների համար վարկերը տրամադրվել են 1,5 տարի մարման և 6 ամիս արտոնյալ ժամկետով, սուբսիդավորումը՝ 10 տոկոսային կետով։ Խաղողի մթերման նպատակով մինչև սեպտեմբերի 1-ը վարկերը տրամադրվել են մինչև 3 տարի մարման և 1 տարի արտոնյալ ժամկետով, սուբսիդավորումը՝ 10 տոկոսային կետով, իսկ սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը՝ մինչև 4 տարի մարման և 2 տարի արտոնյալ ժամկետով, սուբսիդավորումը՝ 11 տոկոսային կետով։ Վերջին շրջանում ՀՀ դրամի փոխարժեքի կտրուկ արժևորման հետևանքով արտարժույթով կնքված պայմանագրերի շրջանակներում ստացվող վճարումները ՀՀ դրամով փոխանակելու դեպքում տնտեսավարողները կրում են զգալի վնասներ և դժվարանում են սպասարկել ներգրաված վարկերը։ Վարկերի սպասարկման ուղղությամբ դժվարություն են առաջանում նաև եղանակային կամ այլ պատճառներով պայմանավորված Վերին Լարսի սահմանային անցակետի փակ լինելու պատճառով։

Այսպիսով՝ ծրագրի շրջանակում 2022 թ.-ին տրամադրված վարկերի (բացառությամբ խաղողի, սառնարանային պահպանության և արտահանման նպատակով խաղողի և պտուղբանջարեղենի ու սպանդանոցների կողմից գյուղատնտեսական կենդանիների գնումների ուղղությունների) համար ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ կարող են տրամադրվել վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ մինչև 6 ամսով լրացուցիչ ժամկետներ և մինչև 6 ամսով երկարաձգվել վարկերի մարման ժամկետները:

2023 թ. հունվարի 1-ից հետո տրամադրված վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ և վարկերի մարման ժամկետները կարող են երկարաձգվել մինչև 6 ամիս ժամկետով՝ ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների ու շահառուների փոխադարձ և Էկոնոմիկայի նախարարության գրավոր համաձայնությամբ, եթե դիմումի ներկայացման ամսաթվին նախորդող 12 ամիսներին տվյալ շահառուի ընդհանուր հասույթների ավելի քան 70 տոկոսն ապահովվել է արտահանումների հաշվին և շահառուի տնտեսական գործունեությունով չպայմանավորված օբյեկտիվ պատճառներով արտահանումը դարձել է անհնարին:

Արտոնյալ և մայր գումարի մարման ժամկետների երկարաձգման վերաբերյալ Էկոնոմիկայի նախարարության համաձայնությունը ստանալու նպատակով սահմանվում է, որ շահառուն էլեկտրոնային կամ թղթային տարբերակով դիմում է ներկայացնում Էկոնոմիկայի նախարարություն, որում նշվում է արտահանման անհնարինության պատճառները և դիմումին կցում է դիմումի ներկայացման ամսաթվին նախորդող 12 ամիսներին ընդհանուր հասույթների ավելի քան 70 տոկոսն արտահանումների հաշվին ապահովված լինելու վերաբերյալ հիմնավորող փաստաթղթերը:

Ծրագրի շրջանակում պտուղբանջարեղենի մթերումների համար տրամադրվող վարկերից բացի 2023 թ. օգոստոսի 15-ից մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը շահառուներին կարող է տրամադրվել լրացուցիչ վարկ: