Բելառուսի վարչապետը ԵԱՏՄ անդամ երկրներին կոչ է արել Արևմուտքի պատժամիջոցներին արձագանքման համախմբված միջոցներ մշակել

Բելառուսի վարչապետը ԵԱՏՄ անդամ երկրներին կոչ է արել Արևմուտքի պատժամիջոցներին արձագանքման համախմբված միջոցներ մշակել

Մենք պետք է քննարկենք ԵԱՏՄ հետագա զարգացման առաջնահերթությունների հարցը, հայտարարել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն օգոստոսի 24-ին Ծաղկաձորում Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստի ժամանակ:

Ինչպես նշել է Բելառուսի կառավարության ղեկավարը, առկա մարտահրավերների և արագ փոփոխվող իրադրության պայմաններում իսկապես անհրաժեշտ է հստակ որոշել ԵԱՏՄ հետագա զարգացման վեկտորները: "Եկեք անկեղծ լինենք. չորս հիմնական ազատությունների ՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատուժի տեղաշարժի ապահովման հիմնական օգուտները մենք, հիմնականում, արդեն ստացել ենք։ Միությունը մեզ տվել է իր մեկնարկային կապիտալը և պահանջում է տնտեսական փոխգործակցության նոր ձևաչափերի գործարկում և առաջխաղացում։ Այդ պատճառով բելառուսական կողմը պաշտպանում է ԵԱՏՄ - ի զարգացման միջնաժամկետ հեռանկարի վրա աշխատանք սկսելու նախաձեռնությունը, ներառյալ համապատասխան մոտեցումների շարադրանքը ռուսական կողմի առաջարկած հռչակագրի տեսքով", - ասել է Ռոման Գոլովչենկոն։ Նրա ասելով՝ հռչակագիրը պետք է ունենա ծրագրային բնույթ։ "Այն չպետք է կրկնի ընթացիկ աշխատանքը, կրկնօրինակի եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարությունը մինչև 2025 թվականը։ Մեր կարծիքով, այն կարող է խիստ չսահմանափակվել ԵԱՏՄ մասին պայմանագրի շրջանակներով ։ Հակառակ դեպքում նման հռչակագրում պարզապես գործնական իմաստ չի լինի", - նշել է վարչապետը։

Ընդ որում, ինչպես նշել է Բելառուսի վարչապետը, նոր ռազմավարական փաստաթղթերի ընդունումը ոչ մի կերպ չպետք է թուլացնի եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարության իրականացման ջանքերը մինչև 2025 թվականը: "Դեռ 2,5 տարի կա, և մեզ չի կարելի թույլ տալ, որ չիրականացված միջոցառումները տեղափոխվեն հերթական փաստաթուղթ։ Բելառուսական կողմը սկզբունքային դիրքորոշում ունի այն մասին, որ ռազմավարություն-2025-ը պետք է իրականացվի ամբողջ ծավալով", - ասել է նա։

Ռոման Գոլովչենկոն անդրադարձել է նաև էներգետիկայի հարցերին, նշելով, որ ԵԱՏՄ երկրները վառելիքաէներգետիկ ռեսուրսների զգալի պաշար ունեն: "Չնայած էներգառեսուրսների ընդհանուր շուկաների վերաբերյալ աշխատանքն ակտիվ փուլում է, մինչ օրս մնում են սկզբունքորեն չկարգավորված հարցեր, որոնց զարգացումից է կախված ԵԱՏՄ էներգաբլոկի հետագա զարգացումը", - ասել է նա:

Վարչապետը կարևորել է նաև արդյունաբերական կոոպերացիայի, նոր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը: Եվրասիական միությունը պետք է լուծի պարենամթերքի արտադրության հարցը, որն ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչն է, նշել է նա: Միությունում բավականին բարձր է գյուղատնտեսական ռեսուրսներով ինքնաբավության մակարդակը, սակայն ներկրվող սերմերից և տոհմային անասուններից կախվածությունը շարունակում է խնդիրներ առաջացնել: Միջնաժամկետ հեռանկարում կարեւորագույն խնդիրն է օտարերկրյա գենետիկական նյութը հայրենական նյութով փոխարինելը, ընդ որում, անկախ այն բանից, թե կոնկրետ որ երրորդ երկրներից է այն գալիս, եւ տվյալ պահին նրանց հետ ինչպիսի հարաբերություններ ունի ԵԱՏՄ երկրներից որեւէ մեկը, հավելել է Գոլվչենկոն: Ինչպես նշել է Գոլովչենկոն, ուղենիշով կարելի է մինչեւ 2030 թվականը ելքը դնել սերմացու եւ տոհմային նյութով ինքնաբավության որոշակի շեմի վրա, ենթադրենք՝ 80% - ով։

Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն ԵԱՏՄ անդամ երկրներին կոչ է արել համախմբված պատասխան միջոցներ մշակել Արևմուտքի պատժամիջոցներին: "Չեմ կարող չհիշեցնել այն մասին, որ մինչ այժմ մենք սուբստանտիվ որոշումներ չենք ընդունել երրորդ երկրների կողմից ԵԱՏՄ անդամ պետությունների վրա գործադրվող տնտեսական ճնշումներին պատասխան կոնսոլիդացված միջոցների ընդունման մեխանիզմի մշակման վերաբերյալ ։ Սա որոշում է, որն ընդունվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում դեռևս 2021 թվականին", - ասել է Բելառուսի կառավարության ղեկավարը։ Նա առաջարկել է միջոցներ ձեռնարկել նման ճնշմանը հակազդելու գործուն մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ ՝ կատարելով ԵԱՏՄ պետությունների ղեկավարների հանձնարարությունները։

Աղբյուրը`   finport.am