Ձորագյուղում կառուցվում է խմելու ջրատարի ներքին ցանց

Ձորագյուղում կառուցվում է խմելու ջրատարի ներքին ցանց

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է խմելու ջրատարի ներքին ցանց։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Ձորագյուղի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 85 միլիոն 855 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոսի սկզբից ու կավարտվեն այս տարվա նոյեմբերի վերջերին։ Ծրագրով նախատեսվում է 9500 մետր երկարության խմելու ջրագծի կառուցում, ինչի արդյունքում 600 տնտեսությունների խմելու ջուրը կմատակարարվի անկորուստ ու մաքուր վիճակում։

2023 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ շինարարական աշխատանքներն իրականացվել են շուրջ 30 տոկոսով։

Ծրագրի կապալառուն է «Նավասարդ Շինարար» ՍՊԸ-ն։