Սոթք գյուղում վերակառուցվում է խմելու ջրի մատակարարման համակարգը

Սոթք գյուղում վերակառուցվում է խմելու ջրի մատակարարման համակարգը

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում վերակառուցվում է խմելու ջրի մատակարարման համակարգը։

Ինչպես   «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Սոթքի խմելու ջրի մատակարարման համակարգի վերակառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 54 միլիոն 616 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսվում է  Սոթք բնակավայրում վերակառուցել  3751,5 մետր խմելու արտաքին ջրագիծ, 5  մարիչ հոր, 1 օդահան հոր, հիմնովին կառուցել 1 թողարկվող հոր։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսի 24-ից և կավարտվեն այս տարվա ընթացքում։ 2023 թվականի օգոստոսի 28-ի դրությամբ շինարարական աշխատանքները Սոթքում իրականացվել են շուրջ 70 տոկոսով։

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Սպիտակ Բազե» ընկերությունը։

Ծրագրի իրականացման արդյունքում Սոթքում հիմնովին կբարելավվի խմելու ջրի որակյալ ու անխափան մատակարարումը։