Աստղաձորում կառուցվում է խմելու ջրատարի ներքին ցանց

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է խմելու ջրատարի ներքին ցանց։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Աստղաձորի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 17 միլիոն 527 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսվում է խմելու ջրատարի ներքին ցանց կառուցել Աստղաձորի 5 փողոցներում՝ 1744 մետր երկարությամբ, ինչի արդյունքում խմելու որակյալ ու մշտական ջրով կապահովվեն 300 տնտեսություն։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոսի 5-ից և ավարտին կհասցվեն այս տարվա ընթացքում։
2023 թվականի օգոստոսի 28-ի դրությամբ շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են մոտ 80 տոկոսով։
Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Մինասյաններ Շին» ընկերությունը: