ՀՀ-ում տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպը շարունակում է դանդաղել․

ՀՀ-ում տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպը շարունակում է դանդաղել․

ԼՈՒՅՍ հիմնադրամի վերլուծության համաձայն 2023թ. հունվար-հուլիս ամիսներին ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները ցույց են տվել, որ տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպը շարունակում է դանդաղել։

2023թ. առաջին ամիսներին գրանցված տնտեսական աճի բարձր տեմպը պայմանավորված էր նախորդ տարվա սկզբում ռուս-ուկրաինական հակամարտության սրման հետևանքով ՀՀ տնտեսության համար առաջացած դրական գործոններով, որոնց ազդեցության չափը աստիճանաբար ավելի քիչ է արտացոլվում ընթացիկ տարվա տնտեսական ակտիվության ցուցանիշներում: Արդյունքում ՏԱՑ-ի տեմպը նվազում է վերջին ամիսներին: Այս երևույթը, եթե այլ շոկեր չլինեն, կշարունակվի նաև հաջորդ ամիսներին, արդյունքում ականատես կլինենք ՏԱՑ-ի հետագա դանդաղմանը:

Վերլուծության համաձայն՝ արդյունաբերության ոլորտի զարգացումները շարունակում են մնալ բավական մտահոգիչ: Արդյունաբերության ոլորտում հունիս և հուլիս ամիսներին գրանցվել է տնտեսական ակտիվության անկում՝ համապատասխանաբար 7.4%-ով և 2.4%-ով: Արդյունքում էապես դանդաղել է արդյունաբերության կուտակային աճի ցուցանիշը՝ հունվար-հուլիսին հասնելով 0.5%-ի: Ընդ որում, անկման պատճառներից է նաև մշակող արդյունաբերության նվազումը, որը հունիսին նախորդ տարվա հունիսի նկատմամբ նվազել է շուրջ 5.9%-ով: Արդյունաբերության ոլորտի՝ հատկապես մշակող արդյունաբերության բացասական դինամիկան խոսում է ՀՀ տնտեսության մրցունակության անկման մասին, որը պայմանավորված է նաև փոխարժեքի վարքագծի դրսևորումներով:

Ըստ աղբյուրի՝ արտահանման աճի տեմպը նույնպես կտրուկ դանդաղել է: Արտահանման աճի տեմպի դանդաղումը առավելապես (շուրջ 11.3 տոկոսային կետով) պայմանավորված է «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի արտահանման ծավալների աճի տեմպի դանդաղմամբ: Վերջինս հանդիսանում է վերարատահանման հիմնական ապրանքախումբը, և դրա աճի տեմպի նվազումը պայմանավորված է բազայի էֆեկտով: Սակայն, հունվար-հունիս ամիսներին էապես դանդաղել է նաև «պատրաստի սննդի արտադրանք» ապրանքախմբի արտահանման ծավալների աճի տեմպը (կազմելով 17.7%՝ հունվար-մայիսի 35.5%-ի դիմաց): Այս ապրանքախմբի գծով զարգացումները չեն պայմանավորվում վերարտահանման երևույթով, հետևաբար դրա նվազումը նույնպես վկայում է ՀՀ տնտեսության մրցունակության անկման մասին:

Գնաճի տեմպը շարունակել է մնալ բացասական տիրույթում: Երկար ժամանակահատված բարձր գնաճից հետո՝ հունիս և հուլիս ամիսներին, գրանցվել է գնանկում, որը բնականաբար էապես ցածր է ԿԲ թիրախից: Թիրախից ցածր գնաճը նույնպես բացասական երևույթ է տնտեսության համար: Գնաճի դանդաղումը հիմնականում պայմանավորված է ներմուծված ապրանքների գների անկմամբ: Այնուամենայնիվ, ՀՀ կենտրոնական բանկն արձագանքել է իրավիճակին՝ երկու անգամ (հունիսին և օգոստոսին) նվազեցնելով դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը: