Ավելի քիչ, քան պետք է լիներ. տնտեսագետը՝ S&P-ի կողմից Հայաստանի վարկային վարկանիշի բարձրացման մասին․ ԱՌԿԱ

Ավելի քիչ, քան պետք է լիներ. տնտեսագետը՝ S&P-ի կողմից Հայաստանի վարկային վարկանիշի բարձրացման մասին․ ԱՌԿԱ

Ավելի քիչ, քան պետք է լիներ, «ԱՌԿԱ»-գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ասաց տնտեսագետ Հրանտ Միքայելյանը՝ մեկնաբանելով S&P Global Ratings-ի կողմից Հայաստանի սուվերեն վարկանիշի բարձրացումը։

Standard & Poor’s միջազգային վարկանիշային կազմակերպությունը օգոստոսի 25-ին բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը «BB-» նախկին «B+»-ի փոխարեն` վարկանիշի հեռանկարը սահմանելով կայուն:

«Սա մեծ փոփոխություն չպետք է համարել: Ես կարող եմ ասել, որ Fitch վարկանիշում վերջին տասը-տասնհինգ տարիների ընթացքում Հայաստանի ցուցանիշը պարբերաբար տատանվում էր «B»-ից «BB»: Դա կախված էր որոշ ընթացիկ միտումներից և կոնյունկտուրայից միջազգային և ազգային տնտեսության մեջ: Հետևաբար չարժե սա համարել դրամատիկ կամ լուրջ փոփոխություն»,- հայտարարեց Միքայելյանը:

Նա նշեց, որ եթե Հայաստանում տնտեսական աճի տեմպերը միջին միտումից բարձր են, ապա դա, որպես կանոն, բացատրվում է արտաքին պատճառներով։ Այս դեպքում S&P-ը նշում է ռուս ռելոկանտների ազդեցությունը և Ռուսաստանից միջոցների մեծ ներհոսքը։

«Նրանք իսկապես ազդել են և մեծապես բարձրացրել են աճի տեմպերը, բայց դա չի նշանակում, որ վարկանիշի բարձրացումն անհիմն է: Ի վերջո, ինչի՞ վրա է հենվում վարկային վարկանիշը: Դա այն է, թե որքանով է պոտենցիալ պարտապանը վարկունակ, որքանով կարող է ընդհանրապես վճարել իր պարտքերը: Այս դեպքում մենք տեսնում ենք, որ հայկական տնտեսության պարտքային բեռը նվազել է, և այժմ պարտքի տոկոսը ՀՆԱ-ի, մասնավորապես՝ արտաքին պարտքի նկատմամբ, ավելի քիչ է, քան երկու տարի և նախորդ տարի առաջ»,- ասաց նա։

2023 թվականի օգոստոսին Fitch վարկանիշային գործակալության փորձագետները կանխատեսել էին առաջիկա երեք տարիների ընթացքում Հայաստանի պետական պարտքի կայունացում ցածր մակարդակի վրա։ Հայաստանի ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցությունը կտրուկ իջել է մինչև 46,7% 2022 թվականին՝ 2021 թվականի 60,2%-ից՝ հիմնականում արժույթի ամրապնդման, ինչպես նաև անվանական ՀՆԱ-ի և բյուջետային կոնսոլիդացիայի ուժեղ վերականգնման հաշվին։

Տնտեսագետն ընդգծեց, որ սուվերեն վարկային վարկանիշը բարելավելու համար բավական է միայն ՀՆԱ-ում պարտքի մասնաբաժնի կրճատումը։

Միքայելյանը չբացառեց, որ այս միտումը կփոխվի, քանի որ այն մասամբ պայմանավորված է դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի բարձրացմամբ։ Սակայն, ըստ նրա, այս միտումն արդեն որոշակի կայունություն ունի, ներկայիս փոխարժեքը պահպանվում է շուրջ 15 ամիս, սա արդեն որոշակի նոր միտում է։ Ըստ այդմ, տնտեսագետը սխալ է համարում դա չարտացոլելը։

«Չեմ կարծում, որ այս միտումը չի փոխվի, որ այս միտումը հավերժ կպահպանվի, դա կապված է ընթացիկ կոնյուկտուրայի հետ, բայց ոչ ոք չգիտի, թե որքան երկար այն կարող է պահպանվել: Ըստ այդմ, այս վարկանիշի բարձրացումը հիմնավորված է: Ավելին, կարծում եմ, որ աճն ավելի քիչ է, քան պետք է լիներ՝ ելնելով տնտեսության օբյեկտիվ ցուցանիշներից, որոնք այս պահին գրանցված են»,- ասաց Միքայելյանը։

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանում տնտեսական ակտիվությունը հունվար-հուլիսին տարեկան կտրվածքով աճել է 10,4%-ով՝ հունվար-հունիսին տարեկան 11,4%-ից հետո։