Amazon-ը վիրտուալ կլինիկա է գործարկել, որն առողջական ավելի քան 20 խնդիր կլուծի

Amazon-ը վիրտուալ կլինիկա է գործարկել, որն առողջական ավելի քան 20 խնդիր կլուծի

Amazon-ը վիրտուալ կլինիկա է գործարկել, որը կզբաղվի ընդհանուր առողջական խնդիրների բուժմամբ, ներառյալ ալերգիաները, պզուկները և մազաթափությունը։ Ինչպես տեղեկացնում է CNN-ը, էլեկտրոնային առևտրի հսկան փորձում է սրանով ընդլայնել իր հասանելիությունը առողջապահության ոլորտում:

Ծառայությունը կոչվում է Amazon Clinic, որի ղեկավար, բժշկական հարցերով գլխավոր տնօրեն Նվորահ Այոգուն ասել է, որ սա «հաղորդագրությունների վրա հիմնված վիրտուալ խնամքի» ծառայություն է, որը նպատակ ունի հաճախորդներին հնարավորություն տալ օգտվելու մատչելի վիրտուալ խնամքից՝ ըստ իրենց նախընտրած ժամանակի և կարիքների։

Amazon Clinic-ը բուժում է առաջարկում ավելի քան 20 ընդհանուր բնույթի առողջական խնդիրների համար և այս պահին հասանելի է ԱՄՆ միայն 32 նահանգներում։ Ընկերությունն ակնկալում է, որ այն առաջիկա ամիսներին հասանելի կլինի նաև մյուս նահանգներում։

Նվորահ Այոգուն նաև նշել է, որ Amazon Clinic-ից օգտվելու համար հաճախորդը պարզապես նշում է, թե ինչ խնդիր ունի, «այնուհետև հեռաառողջապահության լիցենզավորված և որակավորված մատակարարների ցանկից ընտրում իր նախընտրած մատակարարին»: Ապա լրացնում է հարցաթերթիկ, ինչից հետո նրա հետ կապ է հաստատում բժիշկը՝ հաղորդագրությունների վրա հիմնված կայքի միջոցով: Նախնական զրույցից հետո բժիշկը բուժման ծրագիր և անհրաժեշտ դեղատոմսեր է ուղարկում բուժառուի նախընտրած դեղատուն:

Amazon-ից ասել են, որ հաճախորդները կկարողանան տեսնել, թե որքան կարժենա խորհրդատվությունը: Ընդորում՝ գները սահմանում են մատակարարները, այլ ոչ թե Amazon Clinic-ը։ Ըստ ընկերության՝ շատ դեպքերում «խնամքի արժեքը համարժեք է կամ ավելի ցածր, քան դրա միջին շուկայական գինը»:

Վերջին տարիներին Amazon-ն աստիճանաբար մեծացնում է իր ներկայությունը առողջապահության ոլորտում: Այն 2018-ին ձեռք բերեց PillPack առցանց դեղատունը, որը 2019-ին վերաբրենդավորեց որպես PillPack by Amazon Pharmacy: Այնուհետև 2020-ին Amazon-ը գործարկեց իր սեփական Amazon Pharmacy-ն: Այս տարվա սկզբին ընկերությունը $3,9 մլրդ-ով ձեռք բերեց One Medical-ը, որը անդամակցության վրա հիմնված առաջնային խնամքի ծառայություն է:

Աղբյուրը՝   tech.news.am