Հայաստանի համար ունիկալ էներգաբլոկ կկառուցվի՝ Հրազդանի ՋԷԿ-ի հիման վրա

Հրազդանի ՋԷԿ-ի հիման վրա կկառուցվի 50 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկ, որն ունիկալ է Հայաստանի համար: Այս նախագծի ֆինանսավորման համար ԵԱԶԲ-ն «H Energy Solutions» ընկերությանը («Տաշիր» ընկերությունների խմբի դուստրը) կտրամադրի 26 մլն դոլարի վարկ:
«Գազամխոցային էներգաբլոկը կլինի Հայաստանում կառուցվող նմանատիպ առաջին էներգաբլոկը, նաև առաջինը, որ կառուցվում է առանց գնման երաշխիքի: Այսինքն, իրենք կառուցում են սեփական ռիսկով էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայում էլեկտրաէներգիա վաճառելու համար», - ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում:
Նրա խոսքով, սա տեղական շուկայի առաջին ձեռքբերումներից է, երբ 2022թ.-ի փետրվարի 1-ից Հայաստանն անցել է շուկայական հարաբերությունների:
«Նախկինում նմանատիպ արտադրական հզորությունների կառուցման համար պետությունը տրամադրում էր գնման երաշխիքներ, այսինքն երաշխավորում էր որոշակի ժամկետում, օրինակ 20 տարի, որ անընդհատ ամբողջ արտադրանքը գնելու է: Այստեղ չկա որևէ երաշխիք, որևէ պարտավորություն պետության կողմից», - պարզաբանեց փոխնախարարը:
Վարդանյանն ասաց, որ չի կարող նշել նախագծի արժեքը, քանի որ այն մասնավոր է, և պետությունն այստեղ չունի որևէ պարտավորություն: Ինչ վերաբերում է շինարարությանը, ապա գործող Հրազդանի ՋԷԿ-ի հարթակում արդեն սկսվել են հողային աշխատանքները, որոնք չեն պահանջում լիցենզավորում:
«Ընկերությունը դեռ չի դիմել լիցենզիայի համար, որևէ մերժման հիմք չկա: Դա պարզեցված ընթացակարգ է, քանի որ պետությունը չունի որևէ պարտավորություններ», - ասաց Վարդանյանը:
Նրա խոսքով, նոր բլոկի կառուցումը նախատեսվում է ավարտել 2024թ.-ի հուլիս-օգոստոսին, ինչից հետո կսկսվեն էներգահամակարգին միացման և կարգաբերման աշխատանքները: Այդ գործընթացը կտևի 2-3 ամիս:
«Կարող ենք ասել, որ հաջորդ աշուն՝ սեպտեմբեր-հոկտեմբերին, նոր էներգաբլոկն արդեն կսկսի գործել», - ասաց փոխնախարարը:
Այս տիպի էներգաբլոկի առանձնահատկությունը, ըստ Վարդանյանի, նրա ճկունությունն ու մանևրությունն է: Անհրաժեշտության դեպքում այն կարելի է արագ միացնել էներգահամակարգին պիկային ծանրաբեռնվածությունը բավարարելու համար կամ անջատել:
Հրազդանի ՋԷԿ-ի ճակատագիրը
Ինչպես կարծում է Վարդանյանը, գործող Հրազդանի ՋԷԿ-ն ապագայում պետք է փակվի և ապամոնտաժվի: Սակայն, նրա խոսքով, հարցն այն է, որ մինչև հիմա չի հաջողվում զրկել ռեզերվային կայանի դերից, որովհետև համակարգն ունի փոքր հզորությունների կարիք:
«Այդ ՋԷԿ-ը հիմա օգտագործվում է միայն ռեժիմային կարգավորման համար: 200 ՄՎտ հզորությամբ երկու բլոկից հիմնականում աշխատում է միայն մեկը՝ ոչ ավել քան 150-160 ՄՎտ հզորությամբ (գիշերը մինչև 90 ՄՎտ): Տարեցտարի նրա դերը փոքրանում է, հեռանկարում այն կփոխարինվի մեկ այլ՝ ավելի մանևրային կայանով, և նոր՝ 50 ՄՎտ հզորությամբ բլոկն ամբողջությամբ բավարար է այդ նպատակների համար», - նշեց փոխնախարարը:
Ջերմակայանի մասին
«Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» ԲԲԸ-ն ստեղծվել է 2004 թվականին՝ ընկերության կանոնադրական կապիտալում ներառելով Հրազդանի ՋԷԿ-ի գույքային համալիրը, որը Հայաստանի կողմից փոխանցվել է Ռուսաստանի Դաշնության սեփականությանը պետական պարտքի մարման դիմաց։ 2017 թվականի մարտից նրա սեփականատերը «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն է (ներառված է «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբում): Կայանը շահագործվում է 1966 թվականից (տեղադրվել է 4 էներգաբլոկ՝ 810 ՄՎտ ընդհանուր հզորությամբ)։
Հայաստանի ներքին շուկայում Հրազդանի ՋԷԿ-ն ունի հավասարակշռող կայանի կարգավիճակ, իսկ ներքին սպառման համար կայանը էլեկտրաէներգիա է արտադրում միայն էլեկտրաէներգիայի դեֆիցիտի ժամանակ:
Նոր բլոկի համար ԵԱԶԲ-ի վարկի մասին
Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) և H Energy Solutions-ի (Տաշիր ընկերությունների խումբ) մինչև 26 մլն ԱՄՆ դոլար տրամադրելու մասին վարկային պայմանագիրը ստորագրվել է 2023 թվականի հուլիսին Հրազդանի ՋԷԿ-ի վրա հիմնված նոր էներգաբլոկի կառուցումը ֆինանսավորելու համար։ Շինարարության համար օգտագործվելու են միջազգային բնապահպանական չափանիշներին համապատասխանող բարձր արդյունավետությամբ ժամանակակից սարքավորումներ, ինչը կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը։
Ծրագրի շրջանակում արտադրված էլեկտրաէներգիան կմատակարարվի ինչպես Հայաստանի էլեկտրաէներգիայի ազատ մրցակցային շուկա, այնպես էլ կարտահանվի։ Նախագծի իրականացումը թույլ կտա ուժեղացնել Հայաստանի դիվերսիֆիկացիոն գեներացումն ու ավելացնել դրա արդյունավետությունը: Կայանը նախատեսվում է շահագործման հանձնել 2024թ.-ի կեսին: