Խնձորեսկ բնակավայրում մեծ հանդիսավորությամբ բացվեց «Հին Խնձորեսկ» անվանումը կրող հատիկաընդեղենի արտադրամասը

Խնձորեսկ բնակավայրում մեծ հանդիսավորությամբ բացվեց «Հին Խնձորեսկ» անվանումը կրող հատիկաընդեղենի արտադրամասը
Գորիսի համայնքապետարանի և ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի համագործակցության շնորհիվ, ինչպես նաև Հայաստանում Չինաստանի դեսպանատան աջակցությամբ է բացվել տեղական հատիկաընդեղեն մշակաբույսերի արտադրության գործարանը, որտեղ մշակվելու, տեսակավորվելու և փաթեթավորվելու է արտադրանքը:
Միջոցառմանը ներկա էին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. պարոն Յան Յոնգը, ՊՀԾ ներկայացուցիչ և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաննա Սկաուն, Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Մակար վարդապետ Հակոբյանը, բազմաթիվ հյուրեր։
Ծրագրի շրջանակներում շուրջ 60 տնտեսություն օժանդակություն է ստացել: Նպատակն է խթանել առողջ մշակաբույսերի աճը՝ ապահովելով համայնքում գյուղատնտեսության եկամտաբեր աճ։ Ծրագրի շրջանակներում բնակավայրին տրամադրվել է անհրաժեշտ գյուղատնտեսական տեխնիկա` արտադրությունը կազմակերպելու համար, այդ թվում՝ շարքացան, կոմբայն:
Խնձորեսկում կազմակերպվել էր նաև երաժշտական-մշակութային միջոցառումներ Խնձորեսկի երաժշտական դպրոցի սաների և պատմության թանգարանի երեխաների մասնակցությամբ, ինչպես նաև ներկաների համար կազմակերպվել էր տեղական արտադրանքով պատրաստված ճաշատեսակների համտես։