Գործադիրը հավանություն է տվել նաև «Բերքլի Քեփիթլ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրին

Գործադիրը հավանություն է տվել նաև «Բերքլի Քեփիթլ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրին

Ընկերությունը նախատեսում է կազմակերպել Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի և Արտաշատի պատմական հուշարձան-համալիրի մոտակայքում գոլֆի ակումբի և ակադեմիայի, ինչպես նաև կից հանգստի և բնակելի գոտիների կառուցում: Նախագծի համար ընտրված հողատարածքը գտնվում է Փոքր Վեդի գյուղից 0․7 կմ և Մ2 մայրուղուց 0․6 կմ հեռավորության վրա:

Մայրաքաղաքից հեռավորությունը 41 կմ է։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել՝ գոլֆի ակումբ` բազմաֆունկցիոնալ մասնաշենքով և խաղադաշտերով, գոլֆի դպրոց (ակադեմիա)՝ մարզադաշտերով և մարզահամալիրով, հյուրանոցային համալիր, մեծահասակների հանգստյան տուն, մանկապատանեկան ամառային ճամբար - հյուրանոց, մարզահամալիր՝ իր հյուրանոցով, ֆուտբոլի դաշտերով և թենիսի կորտերով, բարձր և միջին կարգի բնակելի շենքեր և առանձնատներ, ծառայողական բնակելի թաղամաս, ադմինիստրատիվ, համայնքային և կոմերցիոն նշանակության շենքեր, համալիրին ենթակա արտադրական, պահեստային կառույցներ, այգիներ:

Ակնկալվում է տարածաշրջանում զբոսաշրջության խթանում, որը կապահովի դրական տնտեսական աճ՝ նպաստելով առևտրի խթանմանն ու մարզում ստեղծելով նոր իրացման շուկա ապրանքների և ծառայությունների համար, ինչն էլ իր հերթին կնպաստի մարզի հետագա սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Կապիտալ ներդրուﬓերի ընդհանուր գումարը նախնական հաշվարկներով կազմում է շուրջ 172 միլիոն ԱՄՆ դոլար: Ծրագրի իրականացման շրջանակներում կստեղծվի մշտական 180-200 աշխատատեղ։