Հայաստանն ու Հարավային Կորեան մտադիր են համաձայնագիր ստորագրել տնտեսական, արդյունաբերական և գիտական համագործակցության մասին

Հայաստանն ու Հարավային Կորեան մտադիր են համաձայնագիր ստորագրել տնտեսական, արդյունաբերական և գիտական համագործակցության մասին

Հայաստանի կառավարությունը օգոստոսի 31-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորեայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Ըստ հիմնավորման՝ Հայաստանն ու Կորեան ունեն երկկողմ առևտրատնտեսական փոխգործակցության և միջպետական կապերի ամրապնդման մեծ ներուժ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական բոլոր ոլորտներում:

Համաձայնագիրը հնարավորություն կստեղծի ամրապնդելու երկու պետությունների միջև տնտեսական կապերը, ընդլայնելու կազմակերպությունների՝ այդ թվում փոքր և միջին ձեռնարկությունների միջև համագործակցությունը՝ ներդրումների համար ստեղծելով բարենպաստ միջավայր։

Համաձայնագիրը հարթակ կհանդիսանա ամրապնդելու և ընդլայնելու երկու պետությունների միջև տնտեսական, արդյունաբերական, զբոսաշրջային, գյուղատնտեսական և գիտատեխնիկական համագործակցությունը, ակտիվացնելու առևտրաշրջանառությունը և խթանելու փոխգործակցությունը։ Վերջինս նաև հնարավորություն է ընձեռում դյուրացնելու երկու երկրների հաղորդակցությունն իրենց պետությունների պետական կառույցների միջև, և ընդլայնելու կապը կազմակերպությունների, պալատների և ընկերակցությունների միջև, խթանելու այցերը, շփումները, ինչպես նաև՝ կազմակերպելու տոնավաճառներ, ցուցահանդեսներ, սեմինարներ և այլ միջոցառումներ՝ երկու երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Համաձայնագրով նախատեսվում է ձևավորել Տնտեսական, արդյունաբերական, գիտատեխնիկական հարցերով հայ-կորեական միջկառավարական հանձնաժողով, որի նիստերը կանցկացվեն ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ, հաջորդաբար՝ Հայաստանի Հանրապետությունում և Կորեայի Հանրապետությունում։

Համաձայնագրի ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանը, առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, տնտեսական կապերի ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը, երկուստեք առկա ներուժի օգտագործմանը: