Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ԱՄՀ տարածաշրջանային տնօրենի հետ

Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ԱՄՀ տարածաշրջանային տնօրենի հետ

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան և Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։

Նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է տնտեսական ընթացիկ իրավիճակը և տենդենցները, մասնավորապես անդրադարձ է կատարվել նաև ԱՄՀ-ի հետ ընթացիկ ծրագրի ներքո իրականացվող միջոցառումներին՝ ընդգծելով, որ այդ միջոցառումները և դրանց ներքո սահմանված թիրախների ապահովումը մշտապես գտնվում են Կառավարության ուշադրության կենտրոնում:

Հանդիպման ընթացքում Ջիհադ Ազուրը նշել է, որ ԱՄՀ-ն պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը նախաձեռնված բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու հարցում: Նա նաև հավելեց, որ ԱՄՀ-ի հետ ընթացիկ ծրագիրը բավականին հաջողված է՝ բարեփոխումների թիրախավորման տեսանկյունից և դրա իրականացման ընթացքն արդյունավետ է ընթանում:

Վահե Հովհաննիսյանը կարևորել է ԱՄՀ կողմից ընթացիկ բարեփոխումների իրականացման ուղղությամբ տրամադրվող տեխնիկական աջակցությունը, ինչը հատկապես օգտակար է համապատասխան ոլորտներում կարողությունների զարգացման տեսանկյունից:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել ակտիվ փոխգործակցությունը հետագայում ևս՝ համատեղ սահմանված թիրախներին և նպատակներին հասնելու նպատակադրմամբ: