Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջին փոխնախագահը կժամանի Հայաստան

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջին փոխնախագահ և Հաճախորդների ծառայությունների խմբի ղեկավար Յուրգեն Ռիգտերինկը մեկշաբաթյա այց կկատարի Հարավային Կովկասի տարածաշրջան:
Այցը կմեկնարկի Հայաստանում, այնուհետև կշարունակվի Վրաստանում և կավարտվի Ադրբեջանում։
Առաջին փոխնախագահ Ռիգտերինկը, ՎԶԵԲ-ի Արևելյան Եվրոպայի ու Կովկասի գծով գործադիր տնօրեն Մատեո Պատրոնեի ուղեկցությամբ կհանդիպի պետական պաշտոնյաների, կենտրոնական բանկերի ղեկավար կազմի, բիզնես առաջնորդների և յուրաքանչյուր երկրում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նա նաև կներկայացնի ՎԶԵԲ-ի Կովկասի տարածաշրջանի նախկին տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին հաջորդող Ալկիս Վրյենիոս Դրակինոսին։
Այցին ընդառաջ Յուրգեն Ռիգտերինկը նշել է․
«Այս այցը հնարավորություն է հանդիպելու կառավարության ներկայացուցիչների և գործարար համայնքի անդամներին՝ քննարկելու տարածաշրջանում առկա առաջնահերթությունները, հատկապես հաշվի առնելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը և ավելացող տնտեսական անորոշությունը։ Կովկասը կարևոր տարածաշրջան է Բանկի համար, և մենք հանձնառու ենք շարունակական աջակցություն առաջարկել ի նպաստ տարածաշրջանի կայուն տնտեսական զարգացմանը՝ ներդրումների, խորհրդատվական ծառայությունների և քաղաքականության ներգրավման միջոցով»: