Հայ-գերմանական տնտեսական հարաբերությունների դինամիկան համաճարակային և հետպատերազմական մարտահրավերների ֆոնին
«Բիզնես ատաշե»-ի հյուրն է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան պարոն Քլաուս Վենդելբերգերը
-Պարոն փոխդեսպան, շնորհակալություն հարցազրույցին համաձայնելու համար: Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի և Գերմանիայի մոտ 30-ամյա համագործակցությունը տնտեսական, գիտատեխնիկական, կրթական ծրագրերի զարգացման ոլորտներում, որտեղ բավականին լուրջ ծրագրեր եք իրականացրել:
-Շնորհակալ եմ այս հարցազրույցի և Ձեր նախաձեռնության համար։ Իհարկե, հարցազրույցը միշտ երկխոսություն է, և բացի այն, որ մենք կարող ենք Ձեզ հետաքրքրող տեղեկատվություն տրամադրել, սա նաև առիթ է, որպեսզի կարողանանք մեր տեսակետները, կարծիքները փոխանցել հայ հանրությանը:
Ինչ վերաբերում է Ձեր նշած հարցին, ես արդեն 5 տարի է, ինչ դիվանագիտական աշխատանք եմ կատարում Հայաստանում՝ նաև տնտեսական համագործակցության ոլորտում: Երկու երկրների միջև հարաբերությունները մենք շատ դրական ենք գնահատում. դրանք գործընկերային հարաբերություններ են: Այսպիսի հարաբերություններն, իհարկե միշտ չէ, որ հարթ, առանց խնդիրների են ընթանում, երբեմն լինում են վայրիվերումներ: Այդպիսի մի վայրէջք կարելի է համարել անցած տարին, հատկապես, նկատի ունենալով հետպատերազմական իրավիճակը։ Հայաստանը, հավանաբար ավելի մեծ սպասումներ ուներ Գերմանիայից, քան Գերմանիան կարողացավ որպես աջակցություն տրամադրել Հայաստանին: Բայց մենք դրական ենք նայում այդ հարաբերությունների հետագա ընթացքին: Տնտեսական, գիտատեխնիկական, կրթական ոլորտներում մեր համագործակցությունը գոհացնող է:
Պետք է նշել, որ Գերմանիան նաև հանդիսանում է Հայաստանի կարևորագույն առևտրային գործընկերներից մեկը՝ ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման ոլորտում: Չնայած բացասական զարգացումներին՝ վերջին տարիներին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը էականորեն չի նվազել, իհարկե չենք կարող ասել, որ լիովին վերականգնվել են նախկին ծավալները, բայց դրական միտումներն ակնհայտ են:
Դուք նաև նշեցիք կրթության, գիտության ոլորտը, Գերմանիան վերջերս որոշում է կայացրել Հայաստանի դպրոցների շրջանավարտների համար ստեղծել նպաստավոր, հեշտացված պայմաններ Գերմանիայում բարձրագույն կրթություն ստանալու համար: Գիտության և գիտատեխնիկական համագործակցության ոլորտում հատկապես մեծ տեղ է զբաղեցնում ֆիզիկան։ Հայաստանի Հանրապետության նախագահը ֆիզիկոս է, նախկին Դաշնային կանցլերը` տիկին Անգելա Մերկելը նույնպես, և այստեղ համագործակցությունն ակտիվ է, հատկապես նաև միջուկային ֆիզիկայի ոլորտում: Կուզենայի առանձնացնել բժշկության ոլորտում, ինչպես նաև համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների միջև համագործակցությունը:
Լուսանկարները՝ Էդգար Դանղյանի
-Մեր երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը դեկտեմբերի սկզբի դրությամբ 204,5 մլն դոլարի սահմաններում էր: Իսկ, օրինակ, 2018 թվականին ԵՄ երկրներից առևտրաշրջանառության ամենամեծ ծավալը գրանցվել էր Գերմանիայի հետ՝ շուրջ 428 մլն դոլար։
-Թեև ես հարցազրույցից առաջ չեմ ստուգել թարմացված տվյալները, բայց, իհարկե, ձեր կողմից նշված 204 միլիոնը համապատասխանում է Գերմանիայի վիճակագրությամբ հաստատված թվերին: Պետք է խոստովանեմ, որ, այո, այս տարի այդ ծավալի վերականգնումը տեղի չի ունեցել այն չափով, որքանով մենք հույս ունեինք ստանալ: Սակայն, դրա հիմնական պատճառը Հայաստանից արտահանման ծավալների նվազումն էր, բայց մյուս կողմից էլ գերմանական ներկրումները դեպի Հայաստան աճել են, և որոշ չափով դա լրացրել է այդ տարբերությունը: Այդ առումով պետք է հույս ունենանք, որ էլ ավելի արագ տեմպերով կվերականգնվի արտահանման ծավալը: Պետք է ասեմ, որ Հայաստանի առևտրաշրջանառության ծավալում Գերմանիային բաժին է ընկնում 3,6 տոկոս, այդ մասնաբաժինն, իհարկե, մեզ չի բավարարում: Բացի այն, որ մեր երկիրը նաև լավ անուն և հեղինակություն ունի Հայաստանում, մենք նաև շատ բան ունենք առաջարկելու։ Կարծում եմ՝ մեր տեխնիկական, քիմիական ոլորտների արտադրանքը կարող է հետաքրքիր լինել Հայաստանի համար, իսկ հակառակ կողմից Հայաստանն ունի լավ տեղեկատվական տեխնոլոգիաների և հանքահումքային սեկտոր, այսինքն` երկու երկրների առևտրային պոտենցիալը դեռևս լիովին օգտագործված չէ:
-Զարգացման ուղղված քաղաքականության համագործակցության շրջանակում Հայաստանում գործունեություն են ծավալում շուրջ մեկ տասնյակ գերմանական ընկերությունների և կազմակերպությունների հետ, ինչպե՞ս եք գնահատում համագործակցությունն այս առումով։
- Ես չեմ կարող նշել զարգացման քաղաքականության ոլորտում աշխատող գերմանական կազմակերպությունների հստակ թիվը, բայց մեկ տասնյակը շատ տպավորիչ թիվ է Հայաստանի համար: Զարգացման քաղաքականության ոլորտում շատ ակտիվ է մեր համագործակցությունը։ Անցած տարեվերջին ստորագրվեց Հայաստանի ԿԲ-ի և գերմանական KFW բանկի միջև 70 միլիոն եվրոյի վարկային միջոցների տրամադրման մասին համաձայնագիր, որն ուղղված է լինելու փոքր և միջին ձեռնարկությունների խթանմանը: Գերմանական միջազգային համագործակցության GIZ կազմակերպությունը նույնպես շատ ակտիվ է Հայաստանում, և այստեղ ունի շուրջ ութսուն աշխատակից։ Սա նույնպես ցույց է տալիս թե տեխնիկական աջակցության առումով ինչքան ակտիվ է Գերմանիայի դերը Հայաստանում, ինչն ինձ համար շատ կարևոր է։ Կարելի է ասել, որ կան նաև հայկական զարգացման ծրագրեր Գերմանիայի համար: Անցած տարի Բեռլինում բացվեց Թումո կենտրոն և նախատեսվում է Գերմանիայի մի շարք այլ շրջաններում ևս բացել Թումո կենտրոններ, սա հայկական նոու-հաու ծրագրերի տարածման հիանալի օրինակ է: Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը տեսնելով այս հաջողված օրինակը որոշել է, որ այն կարող է լայնորեն կիրառվել ամբողջ Գերմանիայում` երիտասարդների շրջանում, տեղեկատվական տեխնոլոգիաների գիտելիքներն ու հմտություններ զարգացնելու համար:
Զարգացման ոլորտում քաղաքականության ծրագրերի մասով, ցավոք, հնարավոր է, որ մոտակա ժամանակահատվածում այդ ծրագրերը ավարտվեն։ Սա վերաբերում է երկկողմ համագործակցությանը զարգացման ծրագրերի ոլորտում, և պետք է ասեմ, որ մենք, որպես Գերմանիայի դեսպանություն, բացասական կարծիք ենք տվել դրան։ Հուսով ենք, որ մոտակա ամիսներին տեղի կունենա ևս մեկ վերանայում և գուցե այդ որոշումը փոխվի ու Հայաստանի համար ծրագրերը կշարունակվեն։ Սակայն, անգամ, եթե դա տեղի չունենա, մենք կարծում ենք, որ Գերմանիայի ծրագրերը կարող են շարունակվել բազմակողմ ձևաչափով, օրինակ` Արևելյան գործընկերության կամ ԵՄ ծրագրերի շրջանակում։ Այսինքն՝ այլ ձևաչափերով ևս Գերմանիան հնարավորություն կունենա շարունակել զարգացման ծրագրեր իրականացնել Հայաստանում:
-Համաշխարհային տնտեսության մեջ Գերմանիան առաջատարներից է և տնտեսական զարգացումներին զուգահեռ ակտիվորեն պայքարում է «կանաչ» տնտեսության օգտին։ Հայաստանում այդ գործընթացը,հավանաբար, դանդաղում է, նաև այն պատճառով, որ անցումը «կանաչ» տնտեսության լրացուցիչ ծախսեր է պահանջում արտադրողներից, թեև միջազգային, այդ թվում նաև գերմանական ֆինանսական կառույցները վարկային նպաստավոր ծրագրեր են առաջարկում։ Ձեր գնահատմամբ, այս առումով Հայաստանը ո՞ր փուլում է:
-Մեր տեսանկյունից նույնպես Հայաստանը «կանաչ» տնտեսության ոլորտում դեռևս գտնվում է սաղմնային փուլում, բայց կարծում ենք, որ մեծ ներուժ ունի այդ ոլորտում: Հայաստանը ունի բնական պայմաններ, որոնք նպաստավոր են «կանաչ» տնտեսության համար, օրինակ` արևային օրերի քանակը շատ մեծ է, մինչդեռ այսօր արտադրվում է շատ քիչ ծավալով էներգիա, առկա ներուժի համեմատ։ Բայց պետք է ասել նաև, որ Հայաստանում նաև շատ արագ է զարգանում այդ ոլորտը, և վերականգնվող էներգակիրների մասնաբաժինը գնալով մեծանում է:
Հայաստանը Խորհրդային Միությունից ժառանգած որոշ տնտեսական կամ այլ նախադրյալներից անկախ, ունի լավ պայմաններ էկոլոգիական գյուղատնտեսության համար։ Հարաբերականորեն լավն են հողային պայմանները, իսկ արդյունաբերության փոքր ծավալների պատճառով` արդյունաբերական թափոնների քիչ լինելու պայմաններում հարաբերականորեն մաքուր են նաև ջրային և հողային ռեսուրսները, որը թույլ կտա զարգացնել էկոլոգիական գյուղատնտեսությունը։ Էկոլոգիապես մաքուր գյուղմթերքը շատ մեծ պահանջարկ ունի աշխարհում, և սա նույնպես առավելություն կարող է լինել Հայաստանի համար: Հայաստանն ունի հիանալի, գրավիչ մի վայր ինչպիսին Սևանա լիճն է։ Սա եզակի բարձրադիր լիճ է, որը կարող է քաշող ուժ լինել շատերի համար աշխարհում։ Կենսաբազմազանության տեսանկյունից Հայաստանը շատ հետաքրքիր երկիր է, և այս ամենը նույնպես խոսում է «կանաչ» տնտեսության մասին, այսինքն` ունենալ տնտեսական զարգացում, բայց միաժամանակ դա անել ոչ ի վնաս շրջակա միջավայրի: Հայաստանի կառավարությունն այս ոլորտում շատ լավ քայլեր է կատարում GIZ և KFW կազմակերպության հետ համատեղ, կան մի շարք կանաչ ծրագրեր, որոնք առաջիկայում կյանքի կկոչվեն:
- Վերջերս Արաբական Միացյալ Էմիրությունները շատ ակտիվ է Հայաստանում` արևային էլեկտրաէներգիայի արտադրության բավականին մեծ մասշտաբների հարցում։ Գերմանիան այլընտրանքային էներգետիկայի, մասնավորապես արևային, հողմային էլեկտրակայանների հարցում հետաքրքրություններ ունի՞:
-Գերմանիան շատ զարգացած հողմակայանների, քամու էներգետիկայի ոլորտ ունի, և ՍԻՄԵՆՍԻ ԳԵՄԵԶԱ (SIEMENS GEMESA Windkraftanlagen) հողմաշարժիչները, որ արտադրվում են, առաջատար դիրք ունեն և այդ առումով կարող են հետաքրքիր լինել։
Պետք է ասեմ նաև, որ ֆոտովոլտային արևային կայանների ոլորտում ևս Գերմանիան առաջատար տեխնոլոգիաներ ունի, և, իհարկե, գնային տեսանկյունից շատ ավելի բարձր գներ են առաջարկում, քան ասիական համարժեք արտադրանքը, բայց մյուս կողմից ավելի լավ որակ ունեն:
Օրինակ՝ KFW բանկը այդպիսի շատ արևային կայանների ծրագրեր է ֆինանսավորել: Վերջերս Երևանում բացվեց 1 մՎՏ հզորությամբ էլեկտրակայան, իսկ Երևանի հարևանությամբ գործարկվել է ևս մեկը։ Այսինքն` KFW բանկը լավատեսորեն է տրամադրված այս ոլորտում աջակցելու Հայաստանում արևային էներգետիկայի զարգացմանը:
-Մեր երկիրն այժմ գտնվում է հետպատերազմական բարդ իրավիճակում, կխնդրեմ անդրադառնալ այն հարցին, թե Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան ինչպե՞ս կարողացավ հաղթահարել պատերազմի հետևանքները, վերականգնվել և ինչու չէ, այսօր աշխարհում տնտեսական զարգացման առումով թելադրող դիրքերում է: Ձեր կարծիքով այս դեպքում, ո՞րը պետք է լինի Հայաստանի տնտեսական օրակարգը՝ հաղթահարելու հետպատերազմական, տնտեսական և հոգեբանական ճգնաժամը։
-Շատ բարդ հարց է, ես չէի ցանկանա նման համեմատություն անել։ Գերմանիայի դեպքում, դա ամբողջական կապիտուլյացիա էր, իսկ Հայաստանի դեպքում, փառք Աստծո, որ երկիրը ստիպված չի եղել կապիտուլյացիայի ենթարկվել։ Ցավոք, Գերմանիան պատերազմից հետո, որոշ ոլորտներում ստիպված է եղել զրոյից սկսել: Սակայն, թույլ տվեք մի առաջարկություն անել, կարծում եմ շատ կարևոր է, որ Հայաստանը բարելավի հարաբերությունները իր անմիջական հարևան երկրների հետ, ինչը նպաստավոր կլինի Հայաստանի համար։
Իհարկե, կարևոր է նաև, որպեսզի բացվեն Հայաստանի սահմանները արևելյան և արևմտյան հատվածում, ինչից Հայաստանը ևս կարող է օգուտ քաղել ։ Երկիրը մեծ կախվածություն ունի այդ ենթակառուցվածքներից, և հարաբերությունների նորմալացումը հնարավորություն կտա այդ նախադրյալներն օգտագործել ի շահ Հայաստանի Հանրապետության տնտեսության: Իհարկե, հարաբերությունների բարելավումը կախված չէ միայն Հայաստանի Հանրապետությունից, այլ կախված է հատկապես հարևան երկրներից: Հայաստանը, միգուցե մասնակի դեր ունի այդ գործում, սակայն ՀՀ վարչապետն իր խոսքում էլ նշել է, որ պետք է առաջ նայել, այս նոր իրավիճակից առավելագույնը քաղել։ Ինչպես տեղեկացանք նոր հանձնակատար է նշանակվել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացի համար, և այս համատեքստում Գերմանիայի կառավարությունը աջակցում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, խաղաղության միջոցով բարեկեցության և տնտեսական զարգացման հաստատմանը:
Ձեր հարցում Դուք նշեցիք Գերմանիայի տնտեսական գերիշխող դերի մասին։ Ես այդպես չէի բնութագրի, բայց, անշուշտ Գերմանիան շատ կարևոր տնտեսական ներուժ և զարգացում ունեցող պետություն է։ Սակայն, Գերմանիայի այդ զարգացումը պատերազմից հետո հնարավոր չէր լինի, եթե Գերմանիան փոխըմբռնում ձեռք չբերեր իր հարևանների հետ, եթե տեղի չունենար Եվրոպական ինտեգրացիան, չհիմնադրվեր Եվրոպական Միությունը, Գերմանիան «լեզու չգտներ» նախորդ պատերազմի իր հակառակորդների հետ, հատկապես` Ֆրանսիայի, Ռուսաստանի հետ չկարգավորեր հարաբերությունները։ Այդ դեպքում այս տնտեսական ձեռքբերումներն ու զարգացումը տեղի չէին ունենա: Ամփոփելով ուզում եմ ասել, որ բարեկեցության համար շատ կարևոր են երկրների բարեկամական հարաբերությունները՝ ի շահ տնտեսական զարգացման:
Շնորհակալություն Ձեզ հարցազրույցի համար։ Ձեր ընթերցողներին մաղթում եմ ուրախ տոներ՝ Նոր տարի և Սուրբ Ծնունդ։ Թող, որ խաղաղություն լինի և պահպանվի այն:
-Շնորհակալություն, մեր նոր՝ «Բիզնես ատաշե» խորագրի մեկնարկը հետաքրքիր զրույցով ստանձնելու համար։ Ամանորյա լավագույն մաղթանքները նաև ձեր երկրին ու ժողովրդին։