Կայացել է «Հայկական դրամի 30-ամյակը. կողﬓորոշվել նոր թվային դարաշրջանում՝ խորհելով անցյալի մասին» գիտաժողովը

Կայացել է «Հայկական դրամի 30-ամյակը. կողﬓորոշվել նոր թվային դարաշրջանում՝ խորհելով անցյալի մասին» գիտաժողովը
Հայկական դրամի 30-ամյակի կապակցությամբ Կենտրոնական բանկը սեպտեմբերի 2-3-ը Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում «Վերաիմաստավորելով Բրետոն Վուդսը» կազմակերպության և Հայաստանի բանկերի միության հետ համատեղ կազմակերպել էր «Հայկական դրամի 30-ամյակը. կողմնորոշվել նոր թվային դարաշրջանում՝ խորհելով անցյալի մասին» թեմայով բարձր մակարդակի գիտաժողով: Երկօրյա գիտաժողովին հրավիրված էին միջազգային ֆինանսական կազմակերպությունների, կենտրոնական / ազգային բանկերի և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ։ 
Ըստ Կենտրոնական բանկի հաղորդագրության, գիտաժողովը Կենտրոնական բանկի համար կարևոր առիթ էր հետհայացք գցելու, իր անկախության և ֆինանսական կայունության ձեռքբերումները գնահատելու, ինչպես նաև շարունակական փոփոխությունների ենթարկվող ֆինանսական ոլորտի մարտահրավերներին դիմակայելու կարևոր որոշումներ կայացնելու համար։
Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներն իրենց արժույթները շրջանառության մեջ են դրել երեք տասնամյակ առաջ, և այսօր էլ դիմակայում են համանման խնդիրների։ Ֆինանսական, աշխարհաքաղաքական և տեխնոլոգիական արագ զարգացումներն առիթ են ծառայում, որ այս երկրների կենտրոնական / ազգային բանկերն ընդհանուր հարթակներում հաճախ միասին քննարկեն, թե ինչպես կանխատեսել նոր մարտահրավերները և պատրաստվել դրանց, մեղմացնել ռիսկերը և օգտվել ընձեռնվող նոր հնարավորություններից։
Բարձր մակարդակի գիտաժողովին մասնակցում էին աշխարհի տնտեսագիտական հետազոտությունների ոլորտում հայտնի այնպիսի ուսումնական հաստատությունների պրոֆեսորներ և դասախոսներ, ինչպիսիք են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (MIT), Փրինսթոնի համալսարանը, Լոնդոնի տնտեսագիտության դպրոցը (LSE) և Ասիական զարգացման բանկի ինստիտուտը (ADBI)։ 
Ակադեմիական շրջանակների ներկայացուցիչները կիսվեցին տնտեսական միտումների և նոր օրինաչափությունների վերաբերյալ տարբեր վիճակագրական տեղեկություններով, ակադեմիական հետազոտություններով և այլ արժեքավոր մտքերով։ Նմանօրինակ քննարկումները լավ հիմք են կանխատեսումների, պլանավորման և ռազմավարության մշակման համար։ 
Գիտաժողովին ելույթներով և զեկուցումներով հանդես եկան Հայաստանի Հանրապետության, Իսլանդիայի, Արգենտինայի, Վրաստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Մոնղոլիայի, Հունգարիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ֆրանսիայի և Իտալիայի կենտրոնական / ազգային բանկերի, միջազգային ֆինանսական կազմակերպությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ և ֆինանսական շուկայի առաջատար փորձագետներ։
Պանելային քննարկումներին զուգահեռ ներկայացվեցին կարճ դասախոսություններ, որոնց նպատակն էր խթանել քննարկումներ ֆինանսական ոլորտի ապագայի և նոր ձևավորվող միջավայրին ֆինանսական կառույցների հարմարվելու վերաբերյալ։ Քննարկումներ ծավալվեցին այն ազդեցությունների շուրջ, որոնք կապիտալի հոսքերի և միջազգային տնտեսական համագործակցության հնարավորությունների վրա թողնում են խորացող համաշխարհային մասնատվածությունը, «տնտեսական պատերազմները», կլիմայի փոփոխությունը և այլ գործոնները։ Անդրադարձներ եղան «թվային» և «կանաչ» տնտեսությանը սպասարկող կայուն համաշխարհային ֆինանսական համակարգ կառուցելու հեռանկարներին։
Գիտաժողովի ընթացքում կարևորվեց բաց և բազմակողմ երկխոսության միջոցով աշխարհի տնտեսագետների, կենտրոնական բանկերի և ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև հաղորդակցման պահպանումը, ինչը հնարավորություն է տալիս միասին դիտարկել գլոբալ ֆինանսական միջավայրը և արձագանքել մարտահրավերներին։
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի բացման խոսքը «Հայկական դրամի 30-ամյակը. կողմնորոշվել նոր թվային դարաշրջանում՝ խորհելով անցյալի մասին» թեմայով բարձր մակարդակի գիտաժողովին
 
Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն, սեպտեմբերի 2, 2023
 
Տիկնայք և պարոնայք,
 
Ինձ համար առանձնակի պատիվ է ողջունել բոլորիդ «Հայկական դրամի 30-ամյակը. կողմնորոշվել նոր թվային դարաշրջանում՝ խորհելով անցյալի մասին» խորագրով գիտաժողովին, որն անց է կացվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից՝ «Վերաիմաստավորելով Բրետոն Վուդսը» կազմակերպության և Հայաստանի բանկերի միության հետ համատեղ։
 
Այս տարի լրանում է Հայաստանի անկախության և պետականության կարևոր ու ճանաչելի խորհրդանիշներից մեկի՝ հայկական դրամի 30-ամյակը: Նշելով դրամի տարեդարձը և խորհելով Հայաստանի համար ավելի բարեկեցիկ ու կայուն տնտեսական ապագա ստեղծելու ուղղությամբ կատարված աշխատանքի մասին՝ մենք վերստին խորապես գիտակցում ենք մեր երկրի, մեր տարածաշրջանի և ընդհանրապես ողջ աշխարհի առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտությունը։ Այս գիտաժողովը նպատակ ունի  ծառայելու որպես մտքերի ձևավորման միջավայր, որն իր հարկի տակ է հավաքել աշխարհի տարբեր երկրների կենտրոնական բանկերի, կառավարությունների, գիտական ընկերակցությունների և այլ օղակների նույնախոհ  առաջնորդներին: Առաջիկա երկու օրվա ընթացքում կուսումնասիրենք, թե ինչպես են մեր առջև ծառացած տնտեսական, աշխարհաքաղաքական և կլիմայական մարտահրավերները մեզ մղում հիմնովին վերանայելու դրամավարկային, մակրոպրուդենցիալ և հարկաբյուջետային քաղաքականություն իրականացնելու մեթոդները: Լիահույս եմ, որ  գիտաժողովը ընդհանուր տեսլական ձևավորելու հարթակ կծառայի՝ այս մարտահրավերներին դիմակայելու և մեր երկրներում ու դրանց սահմաններից դուրս ավելի կայուն, շարունակական և ցանկալի աճի ու բարեկեցության ավելի լավ հիմքեր ստեղծելու ճանապարհին:
 
Ուզում եմ ելույթս սկսել հակիրճ նկարագրելով այն ուղին, որը մեզ այստեղ է բերել: Լինելով փոքր, զարգացող, բաց շուկայական տնտեսություն՝ Հայաստանը գտնվում է աշխարհի պատմականորեն անկայուն մի անկյունում, որտեղ մենք պարզորոշ - գիտակցում  ենք - փաստը, որ չենք կարող ապավինել բախտի քմահաճույքին կամ իներտ լինելուն՝ մեր երկրում մակրոտնտեսական կայունությունը պահպանելու համար: Ռիսկեր միշտ էլ կան, և դրանց մի մասը՝ հատկապես վտանգավոր․ շատերն իսկապես նյութականանում են: Արդյունավետ կառավարման և քաղաքականության գրագետ մշակման բուն էությունն այն է, որ կարողանանք հաջողությամբ դուրս գալ ամեն տեսակ փոթորկից կամ, ինչպես Օլիվյե Բլանշարն է բնութագրում՝ «մութ անկյուններից, որտեղ վտանգն է դարանակալել»: Հարցը միայն այն չէ, թե արդյո՞ք կարող ենք ընդհանրապես խուսափել այդ ռիսկերից, այլ նաև այն, թե  ձեռքի տակ ունե՞նք դրանց արդյունավետ կառավարման մոտեցումներ ու համակարգ: Հեռահայաց քաղաքականություն մշակելիս մեր մտածելակերպն օգնո՞ւմ է մեզ մեղմել, և ոչ թե խորացնել ռիսկերն ու անորոշությունները, որոնց բախվում ենք:
 
Քովիդյան ճգնաժամը և դրան  հաջորդած ժամանակաշրջանը ցույց  տվեցին, որ այս խնդիրը ոչ միայն զարգացող տնտեսությունների համար է արդիական: Եթե «Մեծ Հանդարտեցումը» զարգացած տնտեսություններում քաղաքականություն մշակողներին հասցրել էր որոշակի իներտ վիճակի, ապա Քովիդ 19-ը շատ արագ առաջին պլան մղեց այն առանցքային դերը, որ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունն ու ինստիտուտները կատարում են երկարաժամկետ մակրոտնտեսական կայունության ապահովման գործում: Երբ սկսեցին ի հայտ գալ գնաճային ճնշումները, դրանց առաջացման աղբյուրների շուրջ եղած անորոշությունը հաղորդակցման և հեղինակության խնդիրներ ստեղծեց կենտրոնական բանկերի համար, խնդիրներ, որոնք, շատերի կարծիքով, լուծվել էին դեռ 80-ականներին: Զարգացած տնտեսություններում հետքովիդային շրջանը եկավ հիշեցնելու, որ քաղաքականության հանդեպ վստահությունը չի կարելի համարել ինքնին տրված, որ անորոշությունը և քաղաքականության սխալները կարող են բարեկեցության համար բացասական լուրջ հետևանքներ ունենալ ամբողջ աշխարհում: Միևնույն ժամանակ, գնաճի դեմ պայքարում վճռորոշ նշանակություն ձեռք բերեց դրամավարկային իշխանություններին աջակցելուն հարկաբյուջետային քաղաքականության կապը, մասնավորապես՝ պարտքի կայունության և երկարաժամկետ գլոբալ տոկոսադրույքների վրա վերջինիս ազդեցության հետ կապված մտահոգությունների պայմաններում:
 
Հայաստանում 2020 թվականին հաջորդած ժամանակահատվածը բնութագրվում է իրար հաջորդող շարունակական  ճգնաժամերով, ինչը մեզ ստիպեց վճռական և բավականաչափ ագրեսիվ գործել՝ մակրոտնտեսական և գների կայունությունը պահպանելու համար։ Ճիշտ է, մենք համարժեքորեն արձագանքեցինք այս ռիսկերին և կարողացանք խուսափել մակրոտնտեսական կամ գների անկայունության «մութ անկյուններից», բայց ճգնաժամերի հաջորդականությունը մեզ ստիպեց  հիմնարար հարցադրումներ անել արդյունավետ քաղաքականության մշակման և համապատասխան  մոտեցումների բնույթի վերաբերյալ: Այսպիսի բարձր անորոշության պայմաններում ինչպե՞ս կարող է միակողմ մեկնաբանություն տրվել տեղի ունեցողին և կանխատեսել այդ ապագան հստակության որևէ աստիճանով: Հաղորդակցման ո՞ր տեսակն է, որ արդյունավետ կերպով կարող է բացահայտել քաղաքականության քննարկումների հարստությունն ու բարդությունը՝ առանց նվազագույնի հասցնելու մեր առջև ծառացած անորոշությունը կամ սահմանափակելու մեր քաղաքականության ճկունությունը: Ըստ էության, ինչի՞ մասին է դրամավարկային քաղաքականությունը. հանդես գալ իբրև ամենահավանական ապագայի փորձագետ կանխատեսող կամ ամենաարդյունավետ ձևով կառավարել ռիսկերի ու անորոշության բարձր աստիճանը, որ միշտ գտնվում է քաղաքականության մշակման հիմքում: Նման խորհրդածության արդյունքում մենք մշակեցինք Կանխատեսման և քաղաքականության վերլուծության FPAS Mark II համակարգը՝ դրամավարկային քաղաքականության մշակման գոյություն ունեցող մոտեցումների մեջ լավագույն ծավալումը։ Նպատակը՝ ավելի հստակ արձագանքել ներկա ժամանակի քաղաքականության, մեր համոզմամբ, ամենամեծ հրամայականին. համարժեքորեն և համակարգված զբաղվել ռիսկերի և անորոշության խնդիրներով: Ընդգծեմ, որ գործուն մոտեցումները միայն գործընթացներին և քաղաքականությանը չեն վերաբերում. կուռ, ժամանակի փորձությանը դիմացող մոտեցումները լուրջ ներդրումներ են պահանջում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և, որ ամենակարևորն է, այն չափանիշների հաստատման նպատակով, որ մենք սահմանում ենք դրանք գործադրող մարդկանց և թիմերի համար: Վաղն առավոտյան՝ մեր առաջին նիստում, հնարավորություն կունենանք շատ ավելի մանրամասն քննարկելու այս գաղափարը։
 
Եթե ավելի լայն հայացք նետենք Կովկասի և Կենտրոնական Ասիայի ընդարձակ տարածաշրջանին՝ պետք է փաստենք, որ հաճախակի ցնցումների ու տատանումների, ինչպես նաև ներկա իրավիճակից ածանցվող ռիսկերի նկատմամբ մեր շարունակական զգայունությունը իրական ներդրումներ և փոփոխություններ է պահանջում բոլորիցս: Դա սկսվում է միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում և՛ մշտական, և՛ նոր մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտ ինստիտուցիոնալ և մարդկային կապիտալի կարողությունների և մոտեցումների զարգացմամբ: Ավելին, հարափոփոխ միջավայրն աղավաղում է դրամավարկային,  ֆինանսական  և հարկաբյուջետային քաղաքականությունների սահմանները՝ պահանջելով ավելի մեծ փոխկապվածություն և գործակցություն այս ոլորտների միջև: Այնպիսի գործոններ, ինչպիսիք են սոցիալական բարեկեցության նախաձեռնությունները, կլիմայի փոփոխությունը և արժույթի թվայնացումը, բավականին բարդ տարրերով իրար են շաղկապում այս քաղաքականությունները:
 
Վերջին ժամանակների տնտեսական և աշխարհաքաղաքական իրադարձությունները մատնանշում են նաև գլոբալ հատվածայնության ռիսկերի հնարավոր հետևանքները համաշխարհային ֆինանսական համակարգի համար և, մասնավորապես, դրանց ազդեցությունը մեր տարածաշրջանի զարգացող տնտեսությունների զարգացման ներուժի վրա: Անշուշտ, ապագլոբալացման ուղղությամբ տեղաշարժերը կարող են ռիսկեր ստեղծել կապիտալի համաշխարհային հոսքերի համար և իրական մարտահրավերներ ձևավորել կապիտալի միջազգային շուկաների հասանելիության առումով՝ ԿԿԱ տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս զարգացող շուկայական տնտեսությունների երկարաժամկետ աճի ներուժի վրա իրական հետևանքներով հանդերձ: Սրանով ընդգծվում է նաև, թե որքան կարևոր է համակարգված դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունը՝ ներքին տնտեսության վրա հիշյալ ռիսկերի ազդեցությանը դիմագրավելու և անկայունությունը մեղմելու տեսանկյունից: Այստեղ միջազգային կառույցների (ԱՄՀ և այլն) դերը կարևոր է համաշխարհային ֆինանսական համակարգի ամբողջականությունն ապահովելու և զարգացող երկրների՝ կապիտալի շուկաներ կայուն հասանելիությունը սատարելու համար:
 
Բազմաթիվ մարտահրավերների պայմաններում տարածաշրջանային կայունությունը պահպանելու մեր կարողությունը ոչ պակաս կախված է տարածաշրջանային համագործակցության արդյունավետությունից և կենտրոնական բանկերի ու ֆինանսական հաստատությունների միջև փորձի ու գիտելիքների շարունակական փոխանակումից: Այս գիտաժողովի ընթացքում անդրադառնալով իրական եվրասիական ինտեգրման շարժիչ ուժերին՝ կցանկանայի ընդգծել Արժույթի միջազգային հիմնադրամի և, մասնավորապես, Կովկասի, Կենտրոնական Ասիայի ու Մոնղոլիայի տարածաշրջանային կարողությունների զարգացման կենտրոնի՝ CCAMTAC-ի կարևոր դերն այս տեսլականին նեցուկ լինելու գործում: CCAMTAC-ն արագորեն վերածվում է դրամավարկային, հարկաբյուջետային և մակրոտնտեսական կարողությունների զարգացման, գիտելիքների ընդլայնման ու փոխանակման տարածաշրջանային կենտրոնի, և մենք հատկապես ուրախ ենք բոլոր անդամ երկրների միջև համագործակցության բարձր մակարդակի և ԱՄՀ առանցքային դերակատարության համար։
 
Ելույթս ռիսկի և անորոշության թեմաների շուրջ կենտրոնացնելով՝ չեմ ուզում տպավորություն լինի, թե իբր աշխարհում ամեն ինչ անհուսորեն դատապարտված է ու մռայլ: Տնտեսական նոր իրողությունները խելամտորեն կառավարելու մեր պատասխանատվությունը կարևոր ոգեշնչում է ինստիտուցիոնալ զարգացման և կարողությունների զարգացման համար ոչ միայն ՀՀ ԿԲ-ում, այլև ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում: Այստեղ  կցանկանայի ընդգծել այն անհավանական հնարավորությունները, որ թվայնացումը տրամադրում է Հայաստանում կայուն, երկարաժամկետ աճի համար: ՀՀ ԿԲ-ն, ծառայելով որպես պետական և մասնավոր հատվածների միջև կարևոր հանգույց, առաջատար դեր է ստանձնել Հայաստանում թվային հասարակության և տնտեսության կառուցման գործում՝ ձևավորված ամուր ինստիտուցիոնալ կառուցակարգի շուրջ, որը համապատասխանում է ամենաբարձր միջազգային չափանիշներին: Թվային հասարակության և տնտեսության տեսլականը կառուցվում է համապարփակ էլեկտրոնային նույնականացման ազգային հարթակի և կիբեռանվտանգության կուռ շերտի փոխլրացնող սյուների վրա, որոնք փոխկապված են տվյալների կայուն փոխգործունակության և կառավարման լավագույն չափորոշիչներով: Նախաձեռնել ենք նաև ազգային վճարային ենթակառուցվածքի վերանայում՝ նպատակ ունենալով ապագայում պաշտպանելու մեր վճարային համակարգը՝ այն դարձնելով ավելի ամուր, ավելի դիմացկուն և ավելի ինտեգրված, որպեսզի հնարավոր լինի բավարարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կարիքները:
 
Միևնույն ժամանակ, մենք մշտապես գիտակցում ենք թվայնացման հետ կապված ռիսկերը, այդ թվում՝ թվային տնտեսությունում գործարքների արագությունն ու չափը, որոնք կարող են ապագայում սպառնալիք դառնալ ֆինանսական կայունության համար: Մեր ուշադրության տիրույթում են շարունակում մնալ նաև այն ռիսկերը, որոնք բխում են կրիպտոակտիվների տարածումից և որպես բորսաներ ներկայացող չլիցենզավորված բանկերից: Թվային դրամի գաղափարը նույնպես հանրային հաճախակի քննարկման թեմա է, և մենք շեշտում ենք այս տեսակի արժույթի համար ամուր ենթակառուցվածքն ապահովելու և դրա վերաբերյալ համապարփակ պատկերացում ձևավորելու անհրաժեշտությունը՝ արդյունավետ շրջանառությունը խթանելու համար:
 
Կցանկանայի ելույթս ավարտել հետևյալ ուղերձով. որպես քաղաքականություն մշակողներ՝ մենք այսօր գտնվում ենք նորագույն պատմության թերևս ամենաբախտորոշ հանգրվաններից մեկում: Անցած երեք տարիների փորձն ակնառու կերպով ցույց է տվել տնտեսական, աշխարհաքաղաքական և կլիմայական մարտահրավերների կարևորությունը մեր կառույցների և մեր երկրների բարեկեցության տեսանկյունից: Հուսով եմ, որ գիտաժողովը մեզ բոլորիս կտա այս նոր դարաշրջանը որոշակի եռանդով ու խանդավառությամբ դիմավորելու ոգևորություն: Ինստիտուցիոնալ զարգացման և կարողությունների հզորացման նպատակով ներդրումներ անելը, քաղաքականության մշակման ավելի կուռ և օգտակար կառուցակարգեր զարգացնելը, ռիսկերի և անորոշության ավելի լավ կառավարիչներ ունենալը կօգնեն, որ ոչ միայն ավելի լավ քաղաքական որոշումներ կայացնենք, որոնք գների և ֆինանսական ավելի լավ կայունություն են ապահովում մեր երկրներում, այլև, որ ավելի կարևոր է, կծառայեն մեր քաղաքացիների բարեկեցությանը՝ կայուն և հուսալի երկարաժամկետ աճի ու տնտեսական զարգացման ճանապարհին:
 
Շնորհակալություն։