Ֆիլիպ Մորրիսի աջակցությամբ ԵՊՀ-ում հիմնվել է մաթեմատիկական հետազոտությունների կենտրոն

Ֆիլիպ Մորրիսի աջակցությամբ ԵՊՀ-ում հիմնվել է մաթեմատիկական հետազոտությունների կենտրոն

Երևանի պետական համալսարանի եւ «Ֆիլիպ Մորրիս» ընկերության PMI Science (Փի Էմ Այ Սայենս) գիտահետազոտական կենտրոնի համագործակցության արդյունքում Մայր բուհում մաթեմատիկական նոր հետազոտությունների կենտրոն է հիմնվել։ Կենտրոնի տարածքը վերանորոգվել է «Ֆիլիպ Մորրիս» ընկերության միջոցներով, որը նաեւ հետազոտություններ կպատվիրի բուհի գիտնականներին։

ԵՊՀ-ն եւ «Ֆիլիպ Մորրիսը» համագործակցում են արդեն մոտ 5 տարի, մագիստրոսական եւ ասպիրանտական ծրագրերի իրականացման հաջողված փորձ ունեն։

«Մաթեմատիկական լաբորատորիան հաջորդ մակարդակն է, որտեղ մենք կարող ենք համագործակցել բարձրակարգ գիտնականների և մաթեմատիկոսների հետ՝ միաժամանակ պահելով նրանց իրենց ակադեմիական միջավայրում: Մենք հավատում ենք, որ որպեսզի արդյունավետ լինենք մեր գիտահետազոտական գործունեության մեջ, մենք պետք է կապված լինենք էկոհամակարգի հետ՝ լավագույնս օգտագործելով այն, գտնենք այն գիտնականներին, որոնք կարող են մեզ լուծումներ տալ: Բացի դրանից՝ մենք կարող ենք նաեւ աջակցել ակադեմիական համակարգի զարգացմանը, եւ դա ինչ-որ կերպ փոխշահավետ իրավիճակ է»,- լրագրողների հետ զրույցում նշեց ընկերության արտադրանքի եւ գործընթացների տեխնոլոգիայի փոխնախագահ Լուկա Ռոսին։

Նոր լաբորատորիան կծառայի թե՛ Մայր բուհի ուսանողներին, թե՛ դասախոսներին ու հետազոտողներին, որոնք նոր միջավայրում ուսուցումը կազմակերպելու եւ առաջնակարգ մաթեմատիկական հետազոտություններ անելու հնարավորություն կունենան՝ օգտագործելով նաեւ արհեստական բանականությունը։

«Մեզ համար այս կենտրոնը կարեւոր է տարբեր տեսանկյուններից․ մեր դասախոսները, չկտրվելով իրենց ակադեմիական միջավայրից, հնարավորություն են ստանում ավելի ոգեշնչող ու բարենպաստ միջավայրում իրականացնելու գիտական հետազոտություններ, ուսանողներն էլ՝ տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու, պրակտիկաներ իրականացնելու ու հետագայում համալրելու աշխատաշուկայի բարձրակարգ տեղերը»,- լրագրողների հետ զրույցում նշեց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և շեշտեց բուհ- մասնավոր ընկերություն համագործակցության կարևորությունը:

Մայր բուհի ղեկավարությունը նոր լաբորատորիայի հետ կապված հավակնոտ ծրագրեր ունի։ Նախատեսում են այն դարձնել մաթեմատիկական հետազոտությունների միջազգային մակարդակի կենտրոն՝ ներգրավելով բարձրակարգ հետազոտողների արտերկրից։ Այս կենտրոնը նաեւ մասնավորի հետ համագործակցելու բուհի հնարավորությունները կմեծացնի։

«Մենք այժմ համագործակցում ենք ընկերությունների հետ, որոնք Հայաստանում ներկայացուցչություններ ունեն։ Բայց ունենալով նման կենտրոն, բարձրակարգ խմբեր, համալսարանը կկարողանա զարգացնել համագործակցության աշխարհագրությունը նաեւ Հայաստանից դուրս»,- նշեց ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը։

«Ֆիլիպ Մորիս» ընկերությունում կարծում են՝ Հայաստանն, առհասարակ, գիտահետազոտական մեծ ներուժ ունի։ Այդ պատճառով է նաեւ ընկերությունը հայ գիտնականներին լայնորեն ներգրավել իր գիտահետազոտական գործունեության մեջ։

«Հայաստանի գիտական համայնքը շատ հետաքրքիր ծրագրեր և նախագծեր է տրամադրում, որոնք մենք դիտարկում ենք և երբեմն նաև ֆինանսավորում: Գիտության, մարդկային, ակադեմիական ներուժը շատ բարձր է, ուստի, եթե ամեն ինչ շարունակվի այս կերպ, կարծում եմ, որ մեր համագործակցությունը կընդլայնվի»,- նշեց  Լուկա Ռոսին։

Աղբյուրը՝   b24.am