Wildberries-ից այլևս հնարավոր չի լինի «ռուսական գներով» գնումներ կատարել

Wildberries-ից այլևս հնարավոր չի լինի «ռուսական գներով» գնումներ կատարել

Wildberries-ը վերացրել է տեխնիկական խնդիրը, որի պատճառով Հայաստանի տարածքում ապրանքների մի մասը վաճառվում էր ռուսական հավելվածում առկա ցածր գնով:

Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են Wildberries–ի մամուլի ծառայությունից։

«Սխալը շտկվել է կայքում և բջջային օպերացիոն համակարգերում: Առաջիկայում աշխատանքները վերջնականապես կավարտվեն», – նշված է հաղորդագրության մեջ։

Ընկերությունից տեղեկացնում են նաև, որ իրենց համար կարևոր է տեղական բիզնեսի հետ հետադարձ կապը, և իրենց ռազմավարության մեջ ձգտում են հաշվի առնել տեղական արտադրողի կամքը և կատարելագործել նրանց բիզնես գործունեությունը:

Wildberries–ից նշում են, որ 2023 թ. հունվար – օգոստոս ամիսներին Հայաստանից վաճառվել է 4,5 մլրդ դրամի ապրանք։

Times.am-ն իր հերթին հիշեցնում է, որ սեպտեմբերի 5–ին ՀՀ կառավարության առաջ բողոքի ակցիա էր անցկացվել, որի ժամանակ տնտեսվարողները Պետական եկամուտների կոմիտեից պահանջել էին արգելել Wildberries–ից ռուսական տարբերակով ապրանքներ պատվիրելու հնարավորությունը։ Ըստ հրապարակումների` ՊԵԿ-ը դիմել է Wildberries-ին` վերահսկողություն սահմանելու և արգելափակելու «զարտուղի» տարբերակով գնումներ կատարելը։

Աղբյուրը՝   b24.am