Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների

Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների

Սեպտեմբերի 7-ի իր հերթական նիստում Կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի կարգավորման առարկան է հանդիսանում առանձին կատեգորիայի ապրանքների զննման և հաշվառման համար պետական տուրքի տարբերակված դրույքաչափերի սահմանումը։ Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է սահմանել ներմուծված և արտահանվող՝ առանձին կատեգորիայի ապրանքների համար մաքսային մարմինների կողմից իրականացվող գործառնությունների համար վարչարարական ծախսերին համարժեք պետական տուրքի դրույքաչափեր։

Գործադիրը հավանություն է տվել «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է «Մաքսային կարգավորման մասին» օրենքում «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագրով ազգային օրենսդրությանը վերապահված համապատասխան դրույթի սահմանում: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է մաքսային մարմինների կողմից իրականացվող հսկողության արդյունավետության աճ։

Կառավարության հավանությանն է արժանացել «Ներքին աուդիտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին և ներքին աուդիտորներին ներկայացվող պահանջները հստակեցնելու անհրաժեշտությամբ: Միաժամանակ, ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի նշանակման գործընթացն ավելի արդյունավետ, ճկուն ու նպատակամետ դարձնելու նպատակով նախագծով նաև նախատեսվում է ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի նշանակման սահմանափակումների մասով սահմանել որոշակի բացառություններ: