Հայկական արտադրության առաջին արբանյակը SpaceX-ի հրթիռով նոյեմբերի վերջին կուղարկվի տիեզերք

Հայկական արտադրության առաջին արբանյակը SpaceX-ի հրթիռով նոյեմբերի վերջին կուղարկվի տիեզերք

Հայկական Bazoomq տիեզերական հետազոտությունների լաբորատորիան, որի առաքելությունն է Հայաստանում ստեղծել, շարունակաբար զարգացնել կարողություններ և հնարավորություններ նորագույն տիեզերական հետազոտությունների, կրթության ու ստարտափների ձևավորման համար, աշխատում է հայկական արտադրության Hayasat-1 անվանումը ստացած CubeSat ձևաչափի արբանյակի վրա:  

«Արմենպրես»-ի հետ զրույցում Bazoomq-ի համահիմնադիր, խորհրդի անդամ և տեխնիկական տնօրեն Հայկ Մարտիրոսյանը նշեց՝ արբանյակի թեստավորումը կավարտեն սեպտեմբերի վերջին և նոյեմբերին արդեն տիեզերք կուղարկվի SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով:

«Hayasat-1-ը, որը ստեղծում ենք Գիտական նորարարության և կրթության հիմնադրամի (CSIE - Center for Scientific Innovation and Education) հետ, կրթական նպատակ ունի: Թռիչքից հետո մենք կստանանք հսկայական գիտելիք, փորձ, որը կարող ենք կիրառել՝ հետագայում ավելի բարդ արբանյակներ տիեզերք ուղարկելիս: Փորձել ենք սկսել պարզագույնից, քանի որ թղթաբանական շատ հարցեր կան, որոնց միջով Հայաստանն առաջին անգամ է անցնում: Տիեզերք արբանյակ ուղարկելը տարբեր հաստատումներ է պահանջում: Շատ քայլեր մեր պետության համար առաջինն են, և պատկերացրեք՝ Հայաստանն ունենալու է սեփականություն, որը ոչ միայն մեր երկրում չէ, այլև տիեզերքում է», - նշեց Մարտիրոսյանը: 

Մոտ մեկ կիլոգրամ կշռող արբանյակը երկրագնդի շուրջ 90 րոպեն մեկ անգամ պտույտ է կատարելու: Bazoomq-ից նշում են՝ իրենց առջև դրված խնդիրը 6 ամսում են կատարելու, որից հետո արբանյակի տիեզերք դուրսբերումը հաջողված կհամարեն: 

«Մեր խնդիրը դե ֆակտո բոլոր պրոցեսների միջով անցնելն է՝ թե հավաքման, թե թեստավորման, փաստաթղթերի, կառույցների հետ համագործակցության հարցերում: 

Կիրառելիության առումով արբանյակը շատ բան չի տալու, չունի օպտիկա, կապի համակարգ: Մենք այն որպես կրթական գործիք ենք դիտարկում: 6 ամիս անց կարող ենք ասել, որ Հայաստանում ստեղծված սարքը տիեզերքում անցել է իր փորձարկումը և համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Հետագայում արբանյակի հետ կարող ենք ցանկացած փոփոխություն անել, որն արդեն շատ խնդիրներ կարող է լուծել», - ասաց համահիմնադիրը:  

Արտադպրոցական խմբակից մինչև հայրենական առաջին արբանյակի ստեղծում

Bazoomq-ը հիմնադրել են մի քանի ընկերներով։ Սակայն դրա հիմքերն ու արմատները դեռ 35 տարի առաջ էին դրվել: 35 տարի առաջ Ավետիք Գրիգորյանը հիմնադրել է AYAS տիեզերագիտական ակումբը, որը բազմաթիվ շրջանավարտներ է տվել, որոնք ներկայում տարբեր պաշտոններ են զբաղեցնում։

Մարտիրոսյանի խոսքով՝ հասունացավ մի պահ, երբ վստահ էին՝ ժամանակն է տիեզերական լաբորատորիա ստեղծել: Bazoomq-ի հիմնադրման աշխատանքը սկսել են 2020 թվականին։ Քանի որ տիեզերական ոլորտում ինչ-որ գործունեություն ծավալել էին, հասկացան՝ պետք է անցնել նոր մակարդակի։ 

Անվան շուրջ մտածել են երկար, տարբերակները շատ են եղել, բայց, ի վերջո, կանգնել են Bazoomq-ի վրա, որը աստղաբույլ է նշանակում։

«Bazoomq-ի հիմնական նպատակը տիեզերական էկոհամակարգ ստեղծելն է, տիեզերական տեխնոլոգիաների շուրջ հնարավորին չափ հայկական և միջազգային գործընկեր ներգրավելը, Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների զարգացումը վերսկսելը», - ասաց Մարտիրոսյանը: 

Հայաստանի տիեզերական ռազմավարության մշակումը

Մարտիրոսյանը նշեց՝ գրեթե զրոյից են սկսում։ Խորհրդային տարիներին Հայաստանը թե՛ մասնագետների, թե՛ գիտահետազոտական առումով բավականին մեծ ներդրում է ունեցել տիեզերական ոլորտում։ Գիտելիքային բազան պահպանվել է: Կայուն քայլերով առաջ շարժվելու պոտենցիալը Մարտիրոսյանը տեսնում է: 

Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է ունենալ հզոր ռազմավարություն, ուժեղ տիեզերական պլան Հայաստանի համար։ 

«Ռազմավարության նախնական տարբերակ էինք պատրաստել ու որպես սևագիր փոխանցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: Վերջնական մշակումը շարունակվում է նախարարության հետ», - նշեց նա: 

Bazoomq-ի և տիեզերական տեխնոլոգիաների դերը Հայաստանի անվտանգային հարցերում

Լաբորատորիայի համահիմնադիրը համոզված է՝ տիեզերական տեխնոլոգիաները պետության համար անվտանգային հարցերում մեծ նշանակություն ունեն: Նրա խոսքով՝ գլոբալ առումով ինչքան զարգացած են պետության տիեզերական տեխնոլոգիաները, այդքան հզոր է պետությունը: 

«Ուզում ենք Հայաստան բերել տիեզերական տեխնոլոգիաները, որը կլինի հիմք, որպեսզի հետագայում մեր երկրում ստեղծվեն այնպիսի արբանյակներ, որոնք պատրաստ կլինեն մեծ խնդիրներ լուծել: Մենք այս գործում լինելու ենք պիոները և մեր հետևից տանելու ենք տիեզերական տեխնոլոգիաների զարգացումը: Ստեղծելու ենք այն էկոհամակարգը, որտեղ կստեղծվեն այնպիսի ստարտափներ, որոնք կլուծեն մեծ խնդիրներ», - ասաց Մարտիրոսյանը: 

CSIE հիմնադրամի տիեզերական ծրագրերի տեխնիկական տնօրեն Մասիս Կումրիգյանը, որը հայրենադարձվել և միացել է մեծ առաքելությանը,  նշեց՝ եթե լինի կամք, ապա կարողությունները հնարավոր կլինի գտնել։ 

«Դրսից և ներսից ասում են՝ Հայաստանը փոքր երկիր է, կարողությունները սահմանափակ են, շատ ամբիցիաներ պետք չէ ունենալ, պետք է մեր չափն իմանանք: Իրականում լավ է երազելը, կարևոր է կամք ձևավորելը, իսկ եթե ունենաս կամք, ապա կգտնես կարողություններ», - նշեց Կումրիգյանը: 

Առաջիկա անելիքներն ու նպատակները

Bazoomq-ն այս պահին կենտրոնացած է արբանյակի վրա: Ժամանակը քիչ է՝ աշխատանքները շատ: Առաջիկայում պետության հետ համագործակցությունն ընդլայնելու պլաններ ունեն: Պատրաստվում են նաև բուհերի հետ աշխատանքներ սկսել: Լաբորատորիան անընդհատ առաջ շարժվելու, զարգանալու և զարգացնելու միտում ունի: 

Աղբյուրը՝   armenpress.am