ՊԵԿ-ն ամեն ինչ արել է, որ Wildberries-ը որևէ հարցում որևէ առավելություն չունենա. Ռուստամ Բադասյան

ՊԵԿ-ն ամեն ինչ արել է, որ Wildberries-ը որևէ հարցում որևէ առավելություն չունենա. Ռուստամ Բադասյան

Հարցը այն մասով, որ կարող է կապված լինել ՊԵԿ-ի հետ, մենք անցած տարի լուծել ենք: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով տնտեսվարողների բողոքին՝ կապված Wildberries-ից գնումների հետ, ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

Նա նշեց, որ անցած տարի ՊԵԿ-ն օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որով ԵԱՏՄ տարածքում էլեկտրոնային առևտրի մասով ոչ թե գործի ռեզիդենտության երկրի կանոնը, այլ սպառման երկրի կանոնը. «Ինչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ Wildberries-ը այս տարվանից առաջ հայ սպառողին ապրանք ներկրելուց ԱԱՀ չէր վճարում, իսկ այս տարվանից սկսած վճարում է: Այսինքն, մրցակցության վրա ազդեցությունը, որը կարող էր ունենալ հարկեր չվճարելու տեսքով, մենք անցած տարվանից դա ֆիքսել ենք: Ավելին, մենք հետևել ենք, որ որևէ առումով որևէ առավելություն չունենա այդ ընկերությունը և տարվա սկզբից վերլուծական աշխատանքներ ենք տարել և 3.2 մլրդ-ի վերականգնում ենք ունեցել բոլորովին վերջերս», - ասաց ՊԵԿ նախագահը։

Բադասյանը ավելացրեց, որ ապրանքների մաքսային արժեքների որոշման որոշակի մեխանիզմներ կան. «Ներկայացնում են իրենց համապատասխան փաստաթղթերը և դրանց հիման վրա կատարվում է մաքսազերծումը»:

Լրագրողների այն դիտարկմանը, թե տնտեսվարողները դժգոհում են, որ ՊԵԿ-ը խեղդում է ՓՄՁ-ներին, Բադասյանը զարմացավ. «Ինչով է դրսևորվում ՓՄՁ-ներին խեղդելը: Ես այդ պնդման հետ կտրականապես համաձայն չեմ: Մենք պայմաններ ենք ստեղծում, որ բիզնեսը նորմալ գործի: Այն պնդումը, որ մաքսազերծման գինը բարձր է, այդ գինը ձեւավորվում է տնտեսվարողի կողմից ներկայացվող փաստաթղթերի հիման վրա: Եվ կա օրինականության սկզբունք, որից մենք չենք կարող շեղվել»:

Աղբյուրը՝    news.am