Bazoomq տիեզերական հետազոտությունների լաբորատորիան ստացավ տիեզերական գործունեության լիցենզիա

Bazoomq տիեզերական հետազոտությունների լաբորատորիան ստացավ տիեզերական գործունեության լիցենզիա

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը տիեզերական գործունեություն իրականացնելու լիցենզիա հանձնեց Bazoomq տիեզերական հետազոտությունների լաբորատորիա հիմնադրամին, որն առաջիկայում SpaceX-ի հրթիռով առաջին հայկական արբանյակը կուղարկի տիեզերք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լիցենզիան հնարավորություն կտա հիմնադրամին առավել շահավետ իրականացնել աշխատանքները, քանի որ 2020 թվականի մարտին ընդունված «Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ կազատվի ԱԱՀ-ից և հնարավորություն կստանա գումարներն ավելի նպատակային օգտագործել:

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը, շնորհավորելով Bazoomq տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի անձնակազմին՝ ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը կարևորում է տիեզերական գործունեություն զարգացումը Հայաստանում:

«Սա նշանակալի իրադարձություն է մեզ համար, քանի որ առաջին մասնավոր ընկերությունն եք, որ տիեզերական գործունեության լիցենզիա եք ստանում: Ձեր կատարած աշխատանքն արդեն իսկ տեսանելի է, և հուսով ենք, որ լիցենզիան ստանալուց հետո էլ ավելի կընդլայնվի ձեր գործունեությունը, ավելի մեծ և ծավալուն աշխատանք կիրականացնեք»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ նախարարությունը պատրաստակամ է օգնել, աջակցել լաբորատորիայի գործունեությանը:

Bazoomq տիեզերական հետազոտությունների լաբորատորիա հիմնադրամի տնօրեն Ավետիք Գրիգորյանը նշեց՝ լիցենզիան իրենց համար տիեզերական գործունեություն վարելու կանաչ լույսն է: 

«Տեսնում ենք պետության գործուն աջակցությունը, հեռանկարային մոտեցումը, հետևաբար, ոգևորված ենք և այդ ոգով կշարունակենք իրականացնել մեր գործն ու առաքելությունը: Համոզված եմ, որ տիեզերական գործունեության խթանումը արդյունավետ լոկոմոտիվ կհանդիսանա մեր երկրում բոլոր գիտարար և տեխնոլոգիական ոլորտների զարգացման համար»,- նշեց Գրիգորյանը:

Հայկական Bazoomq տիեզերական հետազոտությունների լաբորատորիան, որի առաքելությունն է Հայաստանում ստեղծել, շարունակաբար զարգացնել կարողություններ և հնարավորություններ նորագույն տիեզերական հետազոտությունների, կրթության ու ստարտափների ձևավորման համար, աշխատում է հայկական արտադրության Hayasat-1 անվանումը ստացած CubeSat ձևաչափի արբանյակի վրա:  

Արբանյակի թեստավորումը կավարտեն սեպտեմբերի վերջին և նոյեմբերին արդեն տիեզերք կուղարկվի SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով: Bazoomq-ին ավելի լավ ծանոթանալու համար կարդացեք «Արմենպրես»-ի անդրադարձը: