Պարենի համաշխարհային գները հակառեկորդ են սահմանել․ FAO
Օգոստոս ամսվա տվյալներով, պարենային ապրանքների համաշխարհային գները հակառեկորդ են սահմանել և իջել մինչև 2021 թվականի մարտից ի վեր նվազագույն մակարդակին։ Այս մասին նշված է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կայքում։
Կազմակերպության կողմից կազմված պարենային ապրանքների գների ինդեքսը (FFPI) ամռան վերջին ամսվա վերջի դրությամբ իջել է մինչև 121,4 կետի։ Ցուցանիշն արտացոլում է գյուղատնտեսական արտադրանքի և սննդամթերքի 55 տեսակների համաշխարհային շուկայական գների դինամիկան։ FFPI-ն համարվում է սննդի արդյունաբերության ոլորտում ապագա արժեզրկման ինդիկատոր։
Օգոստոսի վերջին ինդեքսի արժեքը նվազել է 2,6 կետով (2,1 տոկոս) 2023 թվականի հուլիսի ցուցանիշից։ 2022 թվականի մարտին գրանցված իր առավելագույն ցուցանիշի համեմատ այն նվազել է 38,3 կետով (24 տոկոս)։ Նման դինամիկան մեծապես պայմանավորված էր կաթնամթերքի, բուսական յուղերի, մսի և ձավարեղենի գների իջեցմամբ, նշում են վերլուծաբանները:
Միևնույն ժամանակ, բրնձի գների ինդեքսը ցույց է տվել զգալի աճ՝ հասնելով 15 տարվա առավելագույնին՝ Հնդկաստանից, բասմատիից բացի, բրնձի բոլոր տեսակների արտահանման սահմանափումներից հետո։ Շաքարավազի գների ինդեքսն օգոստոսին ամսական կտրվածքով աճել է 1,3 տոկոսով և 34 տոկոսով գերազանցել է 2022 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Աճին նպաստել է շուկայի մասնակիցների մտահոգությունը համաշխարհային բերքի վրա Էլ Նինյո բնական ֆենոմենի ազդեցության առիթով: